«Անընդունելի իրավիճակն ավարտվել է, սակայն ամբողջական հանգուցալուծումը դեռևս առջևում է», - այսօր Նախագահի նստավայրում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինյալների խմբի կատարած հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը:
«Առաջին հերթին պետք է իրականացվի մանրազնին հետաքննություն, համակողմանի և անաչառ քննություն, բաց դատավարություն: Յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արարքների համար միայն ու միայն օրենքի առաջ: Որևէ այլ դրսևորում չի լինելու, անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով», - հավաստիացրել է Սերժ Սարգսյանը:
«Եկել է եզրակացություններ կատարելու ժամանակը։ Այս իրադարձությունների ամբողջական վերլուծությունը դեռ երկար ժամանակ կպահանջի։ Սակայն մի բան ակնհայտ է. ներհայաստանյան հասարակական և քաղաքական կյանքում անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխությունների գործընթացը», - նշել է երկրի ղեկավարը:
Սարգսյանը իր ելույթի զգալի մասը նվիրել է «զենքով և բռնությամբ հարցեր լուծելու աղետալի մտայնությանը» և անթույլատրելի համարել անցած երկու շաբաթվա ընթացքում երկրի կրած կորուստները՝ «մարդկային, հասարակական, արժեքային կորուստներից սկսած մինչև այն հսկայական հարվածը, որ հասցվեց մեր տնտեսությանը»:
«Զենքով և բռնությամբ Հայաստանում հարցեր չեն լուծվելու», - ասել է Սերժ Սարգսյանը, - «Ցանկացած ոք կարող է չսիրել իշխանություններին, կարող է չսիրել կառավարությանը, չսիրել նախագահին և կտրուկ դեմ լինել այն քաղաքականությանը, որն իրականացվում է, բայց չսիրելն ամենևին հիմք չէ հերոսացնելու համար զենքով հարցեր լուծողին: Իշխանությունները կգան ու կգնան, ահաբեկչության խրախուսումը քաղցկեղի պես կմնա ու կտարածվի, կոչնչացնի մեր ժողովրդի կողմից ստեղծած ամեն ինչ: Սրանից սարսափել է պետք, սա հիմնովին արմատախիլ անել է պետք»:
Նա խոսել է նաև երկրում առկա խնդիրների «լուծումներն արագացնելու» անհրաժեշտության մասին՝ նշելով․ - «Այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով»:
Պնդելով, որ նման «Ազգային համաձայնության կառավարության» ձևավորման ինստիտուցիոնալ ողջ հենքը արդեն ապահովված է, Սարգսյանը հայտարարել է․ - «Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն»:
Նա անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի բանակցություններին՝ հավաստիացնելով, որ «միակողմանի զիջումներ չեն լինելու»:
«Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս», - հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: