Երկրաշարժ Ադրբեջանում, զգացվել է նաև Հայաստանում և Ղարաբաղում

Այսօր տեղական ժամանակով ժամը 8:46 (Գրինվիչի ժամանակով` 4:46) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջանի տարածքում:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն, երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.37 աստիճան և արևելյան երկայնության 48.13 աստիճան: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Լեռնային Ղարաբաղի տարածքում, մասնավորապես՝ Ստեփանակերտ քաղաքում՝ 3-4 բալլ, և Հայաստանի տարածքում, մասնավորապես՝ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևանում՝ 2-3 բալլ ուժգնությամբ: