«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է անհապաղ ազատ արձակել իր ձերբակալված կուսակիցներ Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին և Հովսեփ Խուրշուդյանին: «Ազատության» հետ զրույցում ընդդիմադիր գործիչը «ապօրինի» ու «քստմնելի» որակեց ոստիկանական բռնի գործողությունները Սարի թաղում, ինչից հետո էլ «Ժառանգության» երեք անդամները հայտնվեցին անազատության մեջ՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով, իսկ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը սեռական բնույթի հայհոյանքներ տվեց:
«Դատապարտելի, քստմնելի, միգուցե միջնորդավորված գործողություններ էին, բայց հրահանգը մեր երկրում գալիս է մի տեղից: Անուն էլ չեմ ուզում տալ, որովհետև ինքը գիտի, թե ով է, և այնքան վախի մեջ է, փախուստի մեջ է, պատսպարված, որ ինքը կարող է միայն միջնորդավորված հրահանգներ կիրառել սեփական քաղաքացիների նկատմամբ», - ասաց «Ժառանգության» առաջնորդը:
Րաֆֆի Հովհաննիսյանը պնդեց, որ այժմ ճաղերի հետևում հայտնված իր կուսակիցները խաղաղ հավաքի են առաջնորդել ցուցարարներին, նպատակն էլ եղել է՝ ստեղծված իրավիճակի անարյուն հանգուցալուծումը: Մինչդեռ Սարի թաղի իրադարձություններից ժամեր անց Ազգային անվտանգության ծառայությունը վերջնագիր ներկայացրեց «Սասնա Ծռեր» խմբին՝ ըստ էության արդեն բացառելով բանակցությունները:
«Կարող է և արյուն հեղել՝ հայի արյուն, այդ արյունը, որ Արցախ է ազատագրել, Երևանի փողոցներում կարող են շարունակել զոհել: Ես կարծում եմ, որ այս իշխանության վերջին արարքներից մեկը կլինի: Մի հանգուցալուծում կա՝ դա ուղիղ, անարյուն բանակցությունն է՝ ժամանակավոր նոր կառավարության ստեղծմամբ: Իրենք կարող են վերջնագրով խոսել, բայց այդ ոգին, որ այսօր ստեղծվել է հայ ժողովրդի մոտ, այնպիսին է, որ ոչ մի բան չի կարող ջարդել», - պնդեց Հովհաննիսյանը:
Ընդ որում, ըստ նրա, անխուսափելի է նաև հենց Սերժ Սարգսյանի հրաժարականը․ - «Աստված չտա, որ մենք առաջիկա օրերին տեսնենք զոհեր՝ զինվոր լինի, թե քաղաքացի: Բայց եթե իշխանությունը հետքայլ չկատարի, այս ժողովուրդն արդեն լիցքավորված է: Անցյալի սխալը սերտել է և մերժում է այդ վերջնագիրը: Ժողովրդի գերակշիռ մասի պահանջը այն է, որ Սերժ Ազատի Սարգսյանը պետք է հեռանա հանուն Հայաստանի: Սա Հայաստանի խաղաղության, արժանապատվության և ազատության վերջին շանսի պայքարն է»:
Դառնալով իշխանական շրջանակից հնչող հիմնական հակափաստարկին, թե զենքի գործադրմամբ քաղաքական խնդիրներ չեն լուծվում, և ինչպես խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էր ասել, որ հայը հայի վրա չպիտի կրակի, Րաֆֆի Հովհաննիսյանը հակադարձեց, թե հենց իշխող Հանրապետականն է հրաժարվել իրենց այդ սկզբունքից․ - «Իրենք խփեցին հային: Կրկնում եմ, որ այդ խումբը բարձր մակարդակով և ոչ մեկին վնաս տալու համար չէ, որ ոտքի ելավ: Ուղղակի այլ ճար չտեսնելով՝ ինքը տեսավ, որ ժողովրդի գերակշիռ մասը փոփոխության պետք ունի՝ քաղաքական իրավիճակի փոփոխության»: