Պավել Մանուկյանը երկու ամսով կալանավորվեց

Պավել Մանուկյանը ՊՊԾ գնդի տարածքում հարցազրույց տալիս

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանն այսօր դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց։ Նա մեղադրվում է ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու դեպքի առիթով հարուցված քրեական գործով՝ ապօրինի զենք պահելու և փոխադրելու, ինչպես նաև շենքեր և շինություններ զավթելու համար։ Նրան պատգարակով շտապօգնության մեքենան դատարան բերեց։

Դատական նիստից հետո շտապօգնության մեքենայով նրան տեղափոխեցին արդեն «Դատապարտյալների հիվանդանոց»։ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը մեղքը չի ընդունում։ Պետրոսյանը անօրինական որակեց դատարանի որոշումը։

«Որովհետև խափանման միջոցը մեղքի վերաբերյալ քննարկում չէ, դա այն քննարկումն է, որ անձին մեղսագրված է մի արարք և դատարանը պետք է քննության առնի՝ առաջինը՝ հիմնավոր կասկածի առկայությունը, և երկրորդը՝ խափանման միջոցի հիմքեր և պայմաններ։ Պավել Մանուկյանը երկրորդ խմբի հաշմանդամ է, Արցախյան պատերազմի մասնակից, այժմ ունի գնդացրային, ծանր վնասվածքներ, գամված է անկողնուն, չի կարող տեղաշարժվել։ Դատարանը գտնում է, որ նա կարող է ինչ-որ կերպ խոչընդոտել քննությանը և անօրինական ազդեցություն գործադրել, ինչը աբսուրդ է՝ ելնելով հենց նրա առողջական վիճակից։ Դա ուղղակի անհնարին է, այսինքն՝ անհնարին փաստարկներ չեն կարող դրվել որոշման հիմքում», - ասաց Ինեսա Պետրոսյանը:

Պաշտպանի փոխանցմամբ, արդեն հինգերորդ օրը հացադուլի մեջ գտնվող Պավել Մանուկյանի վիճակը ծանր է, բայց նա, միևնույն է, ցանկություն էր հայտնել մասնակցելու դատական նիստին։

«Դատարանում Պավել Մանուկյանը ոչ միայն կարողանում էր խոսել, այլ հանդես է եկել հայտարարություններով: Պետք է նշեմ, որ որևէ փաստաթղթի տակ ի սկզբանե չի ստորագրել և չի էլ ցանկացել ծանոթանալ, և անընդհատ հայտարարում է, որ նա որևէ ահաբեկչական գործողություն չի կատարել: Ասել է, որ զոհասեղանին է դրել նաև իր 23 տարեկան տղային, և ըստ էության իր ամբողջ ընտանիքը: Այսինքն, որ իրենք պատրաստ են պայքարելու մինչև վերջին կաթիլը, և հանուն իր ժողովրդի՝ չունենալով որևէ անձնական ամբիցիաներ», - ընդգծեց Մանուկյանի փաստաբանը։

Պետրոսյանը պնդում է, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» չկան բավարար պայմաններ Մանուկյանին բուժելու համար: Փաստաբանի խոսքով, հրազենային վիրավորում ստացած «Սասնա ծռեր»-ի անդամը վիրահատության կարիք ունի:

«Եվ նույնիսկ իշխանությունները գնացել են նրան, որ նրա վիրահատություններն էլ չկատարվեն «Էրեբունի» մասնագիտացված հիվանդանոցում, այլ որոշել են այդ վիրահատություններն էլ ինչ-որ կերպ կազմակերպել, կամ նրան տանել-բերել, այսինքն՝ մարդուն գցել անհարմար վիճակի մեջ, և, ըստ էության, խոշտանգել։ Նախաքննական մարմինն ասում է, որ «Էրեբունու» բժիշկները կգան, որովհետև «Դատապարտյալների հիվանդանոց»-ը նեղ մասնագիտացված մասնագետներ չունի, բնականաբար պայմաններ չունի»։

Օրեր առաջ, ինչպես հայտարարել էր Ոստիկանությունը, զինված խմբի հետ փոխհրաձգության հետևանքով Պավել Մանուկյանը և նրա որդին՝ Արամ Մանուկյանը հրազենային վիրավորում էին ստացել, ինչից հետո նրանց տեղափոխել էին «Էրեբունի» հիվանդանոց: Դատարանն ավելի վաղ կալանավորել էր որդուն՝ 23-ամյա Արամ Մանուկյանին՝ տեղափոխելով «Դատապարտյալների հիվանդանոց»։

Պավելի կինը՝ Մարինե Մանուկյանն, ով դստեր հետ դատարանի մուտքի մոտ էր, «Ազատությանն» ասաց, որ թե՛ ամուսինը, թե՛ որդին իր խնամքի կարիքը ունեն։

«Եթե ոտքերը վնասված են, ոնց կարող է խնամքի կարիք չունենան։ Ես այս դատարանից այլ որոշում չէի էլ սպասում», - ասաց Մարինե Մանուկյանը։

Պավել Մանուկյանի պաշտպանը բողոքարկելու է դատարանի որոշումը։