Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ երեկ, երբ ցուցարարները փորձել են Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով, նաև լուսաձայնային նռնակներ նետել ոստիկանների ուղղությամբ։
Գործողությունների հետևանքով վիրավորում ստացած ոստիկանը և «Սասնա ծռեր» խմբի երկու անդամ երեկ երեկոյան «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել։ Կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն այսօր մանրամասներ հաղորդեց նրանց վիճակի մասին, նշելով, որ Արթուր Մելքոնյանը, ում վիճակը բավարար է գնահատվել, տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»։ Ինչ վերաբերում է Արմեն Լամբարյանին, ապա նա վիրահատվել է։
«Վիրահատությունը նորմալ է անցել, հիմա գտնվում է գիտակցության մեջ, մենք իր վիճակը կայուն ենք գնահատում, երեկվանից հետո զգալի դրական տեղաշարժով», - նշեց Մանուկյանը:
Հիվանդանոցի գործադիր տնօրենի խոսքով՝ վիրավոր ոստիկանի վիճակը կայուն ծանր է․ - «Ծանր է որովայնի հրազենային վնասվածքով ոստիկանի վիճակը, որին երեկ մենք անհապաղ վիրահատության ենք ենթարկել, վնասում կար հաստ աղիքի, սիգմաձև աղիքի վնասում: Վիրահատությունը հարթ է անցել։ Առավոտյան նա անջատվել է արհեստական շնչառության սարքից»:
Վիրավորների հետ պարեկապահակային գնդի տարածքից նաև բժիշկ Սալվադոր Խեչոյանն է դուրս եկել։ «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց այս լուրը՝ նշելով, որ գնդի տարածքում բժիշկ Նորայր Թևանյանն ու բուժքույր Մալինա Մարգարյանն են մնացել։ Ստեփանյանի խոսքով, այսօր նրանց հետ կապ հաստատել չի հաջողվել․ - «Ես անձամբ զանգել եմ՝ չեն վերցրել ներքին կապով»:
«Էրեբունու» բժշկական կենտրոնում շարունակում է բուժում ստանալ նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, ով հրաժարվում է սննդից ու ցավազրկող դեղորայքից։ Ու թեև նրա վիճակում բժիշկների գնահատմամբ դրական տեղաշարժ կա, այդուամենայնիվ այսօր նրան հնարավոր չեղավ դատարան տեղափոխել։ Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի փոխանցմամբ, Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց Պավել Մանուկյանի համար խափանման միջոց ընտրելու հարցը։
«Միջնորդեցի, որպեսզի դատական նիստը հետաձգվի և ապահովվի իմ պաշտպանյալ Պավել Մանուկյանի մասնակցությունը դատական նիստին, քանի որ վերջինս հայտնել է իր կամքը և խնդրել է, որպեսզի ինքը մասնակցի միջնորդության քննարկմանը։ Դատական նիստը հետաձգվեց մինչ վաղը, ժամ հստակ չի նշվել, դա նույնպես կախված է Պավել Մանուկյանի առողջական վիճակից», - նշեց փաստաբանը:
Պավել Մանուկյանի որդուն՝ Արամ Մանուկյանին, դատարանն ավելի վաղ կալանավորելու որոշում էր կայացրել, ինչից հետո վերջինս տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց»: Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ արագացված կարգով Եվրոպական դատարան է դիմել։