«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը դատապարտել է հարձակումները Երևանում երկու շաբաթ առաջ ընդդիմադիր խմբի հետ առնչություն ունեցող զինված անձանց կողմից գրավված Էրեբունու ոստիկանական շենքի մոտակայքում ոստիկանության և ցուցարարների միջև ուրբաթ ուշ երեկոյան տեղի ունեցած բախումները լուսաբանող «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության երեք լրագրողների նկատմամբ, ասված է ռադիոկայանի հաղորդագրությունում։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը վրդովված է իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողների դեմ այս հարձակմամբ: Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի իշխանությունները արդարադատության առջև կկանգնեցնեն հարձակվողներին և կպաշտպանեն իրենց օրինական աշխատանքը կատարող լրագրողներին», - հայտարարել է Քենթը։
«Երեք լրագրողները՝ Կարլեն Ասլանյանը, Հովհաննես Մովսիսյանը և Գարիկ Հարությունյանը, հարձակման և ծեծի են ենթարկվել մահակներով և մետաղյա ձողերով զինված քաղաքացիական հագուստով անձանց մեծ խմբի կողմից, երբ ոստիկանական շենքի մոտից ետ էին դառնում դեպի Երևանի կենտրոն», - ասված է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հաղորդագրությունում։ - «Այդ անձինք, որոնք առերևութաբար ոստիկանության սպաներ էին, հստակաբար տեղյակ էին, որ հարձակվում են լրագրողների վրա։ Մովսիսյանը հեռախոսով հայտնել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին, որ երբ վազում էր՝ փորձելով ավելի անվտանգ վայր գտնել, այդ տղամարդկանցից մեկը հարցրել է՝ «նկարո՞ւմ ես», ապա հարվածել Մովսիսյանին, կոտրել նրա տեսախցիկը և պոկել նրա լրագրողական տարբերանշանը. - «Ես նրանց ասացի, որ էլ չեմ նկարում, բայց նրանք շարունակում էին խփել ինձ»։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի մյուս երկու լրագրողները ևս վնասվածքներ են ստացել, ապա Երևանի Սարի թաղ թաղամասի մեկ այլ փողոցով վազել են դեպի ավելի անվտանգ վայր, նշված է հաղորդագրությունում։
Ֆեյսբուքում գրառմամբ Հայաստանի ոստիկանության խոսնակ Աշոտ Ահարոնյանը խոստացել է, որ ոստիկանությունն «անհապաղ» կհետաքննի բռնությունները «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի և բողոքի ակցիաները լուսաբանող այլ լրատվամիջոցների լրագրողների նկատմամբ։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ևս հայտարարել է, որ կուսումնասիրի հաղորդումները, ըստ որոնց՝ լրագրողների նկատմամբ հարձակումներ գործած անձինք քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին։