Սա «Մարտի 1» է, ուղղակի դեռ զոհեր չունենք, «Ազատության» հետ զրույցում այսպես գնահատեց Սարի թաղում և Խորենացի փողոցում հուլիսի 29-ի գիշերը տեղի ունեցած բախումները իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
«Սա Սերժ Սարգսյանի հատուկ հրահանգն է և շատ նման «Մարտի 1»-ին։ Սա «Մարտի 1» է, ուղղակի դեռ զոհեր չունենք, այսպես ասեմ, որովհետև այդ հետապնդումները՝ հետևներից վազելը և հայտնաբերելը ու մինչև վերջ ծեծի ենթարկելը, հենց այդպես էր, ոնց որ կար «Մարտի 1»-ին», - ասաց Ալեքսանյանը՝ նշելով․ - «Հայաստանն ուղղակի գոյություն չունի, ես կարծում եմ, որ դեռ «Մարտի 1»-ից հետո ուշքի չէր եկել, իսկ այս դեպքը մեկ այլ իրավիճակ է, որը Հայաստանին ուղղակի հետ է մղում ևս մի քանի տասնամյակ»։
Անդրադառնալով ոստիկանության գործողություններին, Ալեքսանյանն ասաց․ - «Սա ոստիկանություն չի, սա բանդա է, որը տասը օրից ավել փորձում է գործել օրենքից դուրս և հարձակվում անպաշտպան քաղաքացիների վրա, ջարդում, ծեծում, չգիտեմ, ահաբեկում և սպառնում։ Սարի թաղում ներխուժում են տները և եթե այնտեղ պատսպարված ցուցարարներ կան, դուրս են բերում ու ծեծում», - ասաց իրավապաշտպանը։
Ալեքսանյանն առանձնացրեց լրագրողների նկատմամբ բռնությունները։ «Նախ ուզում եմ առանձնացնել լրագրողներին․ այս օրերի ընթացքում լրագրողներին կարծես թե ձեռք չէին տալիս, նույիսկ ոստիկանները չէին կաշկանդվում, որ մարդկանց բռնության են ենթարկում և դա ուղիղ եթերում ցուցադրվում է, բայց լրագրողներին ձեռք չէին տալիս, այսօր թիրախ դարձան հենց լրագրողները և դա հատուկ ցուցումի արդյունքումէ տեղի ունեցել», - եզրափակեց իրավապաշտպանը։