Բարսեղյան․ «Մի կողմից ոստիկաններն էին պայթուցիկներ շպրտում, մյուս կողմից քաղաքացիական անձինք էին բռնություններ սկսել»

Ոստիկանության և քաղաքացիական հագուստով անձանց կողմից Սարի թաղում ցուցարարների և լրագրողների դեմ բռնություններին ականատես են եղել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգության» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը և Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:

«Ինչ-որ մարդիկ քարեր սկսեցին շպրտել հավաքված ցուցարարների ուղղությամբ։ Ամեն կերպ զսպեցինք, որ ցուցարարները չպատասխանեն։ Սկսեցինք բանակցել ոստիկանների հետ, որ բախման կարիք չկա և խնդրեցինք հեռացնել ներքևի սադրիչներին։ Ապա [Երևանի ոստիկանապետ Աշոտ] Կարապետյանը 5 րոպե ժամանակ տվեց, թեև նրան բացատրել էինք, որ մարդիկ 5 րոպեում չեն կարող հեռանալ՝ զայրացած են», - պատեց Լևոն Բասեղյանը։

Ապա, ըստ ականատեսների, այն բանից հետո, երբ ոստիկանները հեռացրին ցուցարարների անունից բանակցող «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիոսյանին, սկսեցին ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ։

«Մի կողմից ոստիկաններն էին պայթուցիկներ շպրտում, մյուս կողմից քաղաքացիական անձինք էին բռնություններ սկսել՝ նրանք ծառերի հետևից, շենքերի արանքներից դուրս եկան։ Ինձ էլ հարվածներ բաժին հասան», - ասաց Բարսեղյանը։

Ըստ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ հատուկ թիրախ էին լրագրողները, հատկապես նրանք, ովքեր տեսանկարահանում էին։

«Ոչ ոստիկանական հագուստով բազմաթիվ տղամարդիկ հարձակվում էին լրագրողների վրա, փորձում էին առևանգել օպերատորների տեսախցիկները։ Մի պահ եկավ, երբ ոստիկանները հրահանգեցին լրագրողներին գնալ մի կողմ, ինչից հետո հենց այդ ուղղությամբ հատուկ միջոցներ գցեցին», - պատմեց պատգամավորը:

«Ահաբեկչական, ոստիկանապետական վարք». - Լևոն Բարսեղյանը բնութագրում է ոստիկանական ձեռագիրը՝ հավելելով. - «Փաստը այն է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում քաղաքացիները չեն հանդարտվում և պահանջում են խնդրի խաղաղ լուծում, և անընդհատ զայրանում են, որ ռեժիմը խնդիրը փորձում է լուծել ապստամբների ոչնչացմամբ»։