Փոստանջյան․ Ոչ ոստիկանական հագուստով տղամարդիկ հատուկ հարձակվում էին լրագրողների ու օպերատորների վրա

Ոչ ոստիկանական հագուստով տղամարդիկ հատուկ հարձակվում էին լրագրողների ու օպերատորների վրա, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն, ով ներկա էր Սարի թաղում տեղի ունեցող բախումներին։

«Ես ականատես եղա, թե ինչպես են բռնությամբ Արմեն Մարտիրոսյանին տանում, բայց մնացածի մասին տեղյակ չեմ։ Հիմա ոչ ոստիկանական հագուստով, մարզված տղամարդիկ են շրջում, առևանգում և տանում են, ծեծում են և չգիտեմ` էլ ինչ են անում, դրա համար լրագրողների հետ մի տուն ենք մտել, պատսպարվել ենք։ Ոչ ոստիկանական հագուստով բազմաթիվ տղմարդիկ հարձակվում էին լրագրողների վրա։ Նրանք նաև օպերատորների տեսախցիկներն էին փորձում առևանգել, օպերատորները հատուկ թիրախ էին իրենց համար», - պատմեց Փոստանջյանը՝ ընդգծելով․ - «Ոստիկաններն ասեցին՝ լրագրողներ, դուք գնացեք մի կողմ», հենց գնացին մի կողմ, նրանց վրա էդ հատուկ միջոցներից գցեցին»։