Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն Արամ Մանուկյանին տեսակցելու նպատակով կրկին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
ՄԻՊ աշխատակազմի հաղորդմամբ, պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցի պահին Ա. Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք և շարունակելու է պահվել այնտեղ, որտեղ, ըստ քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի, պահման պայմանները հիվանդախցերի պայմաններից զգալիորեն տարբերվում են:
«Մեր դիտարկմամբ, նոր բաժանմունքի պատերը և հատակը նորոգված են, խցերն առավել լուսավոր և մաքուր են, հագեցած են բժշկական մահճակալներով, բազկաթոռներով, սառնարանով»,- նշված է ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրությունում: