Կառավարության այսօրվա որոշմամբ՝ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացվեց 1000 դրամով, որով հնարավորինս կհատուցվի շուրջ 112 հազար 300 ընտանիքի էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարման լրացուցիչ ծախսը: Այսպիսով, նպաստների միջին ամսական չափը կբարձրանա 1000 դրամով՝ դառնալով 31 հազար 350 դրամ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումն ընտանիքների կողմից կազմում է շուրջ 202 կՎտ: Օգոստոսի 1-ին ավարտվում է Հայաստանի կառավարության և «Տաշիր» ընկերության՝ սակագնի սուբսիդավորման ժամկետը, որից հետո այն բնակչության համար 4.32 դրամով ավելի կլինի: Դա նշանակում է, որ 202 կՎտ էլեկտրաէներգիայի համար պետք է վճարվի 1000 դրամ ավելի:
Պարզաբանելով ներկայացված որոշման նախագիծը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասաց. - «Եթե հիշում եք՝ 2015 թվականի օգոստոսի 1-ից 6 դրամ 93 լումայով թանկացավ հոսանքը, և ՀՀ կառավարությունն ու «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը քննարկեցին հարցն ու որոշում կայացրին, որ այդ ավելացման ծախսը մինչև 250 կՎտ ծախսող ընտանիքների համար կստանձնեն կառավարությունն ու «Տաշիր» ընկերությունը: Եվ քանի որ ս.թ. օգոստոսի 1-ից սակագինը նվազում է 2.58 դրամով, այսինքն 6.93-ի փոխարեն ունենում ենք 4.35 դրամ, այդ ընտանիքների համար հոսանքը թանկանում է 4.35 դրամով: ՀՀ նախագահի հետ քննարկելուց հետո որոշում ընդունեցինք, որ 112 հազար 300 ընտանիքի այդ ծախսը օգոստոսի 1-ից կառավարությունը վերցնի իր վրա: Այսինքն՝ մինչև այս տարվա վերջ՝ հինգ ամսվա ընթացքում, մենք կառավարության միջոցներից վճարելու ենք 561 մլն դրամ, իսկ 2017 թվականի միջնաժամկետ ծրագրում նախատեսել ենք 1 մլրդ 150 մլն դրամ»:
Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացմանն ու միջպետական առևտրի զարգացմանը նպաստող իրավական պայմանների ստեղծման և դրա հետ կապված՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, պետական այլ մարմինների և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) գործառույթները հստակեցնելու նպատակով, կառավարությունը էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարեց մինչև 2017 թվականի մայիսի 31-ը, համագործակցելով ՀԾԿՀ-ի հետ, ապահովել երկրի էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի, ինչպես նաև դրանից բխող «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի մշակումը և ներկայացումը գործադիրի քննարկմանը: Ընդ որում, այդ գործընթացը պետք է ներդաշնակեցվի էներգետիկայի միջպետական առևտրի հետ կապված Եվրամիության պահանջներին՝ չհակասելով Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորություններին: Ակնկալվում է, որ որոշման իրագործմամբ կբարձրանա էլեկտրաէներգետիկական համակարգի գործունեության արդյունավետությունը: