Վրաստանի ՆԳՆ-ը օրինական է ճանաչել նախագահի փեսայի խուզարկությունը

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահի փեսային խուզարկելու գործը նոր աղմկահարույց շարունակություն է ստանում: Փեսայի փաստաբան Սոսո Բարաթաշվիլին հայտարարել է, որ իր պաշտպանյալի և նրա տան խուզարկությունը կատարվել է կոպիտ խախտումներով:

Վրաստանի նախագահի կնոջ դստեր ամուսինը՝ Մինդիա Գոգոչուրին նախօրեին հրավիրվել էր գլխավոր դատախազություն պարզաբանումներ տալու, թե արդյոք ոստիկանությունը չարաշահել է ծառայողական լիազորությունը նրա նկատմամբ կիրառված օպերատիվ միջոցառումների, պարզ ասած՝ նրան խուզարկելու ժամանակ:

Ոստիկանների գործողությունների իրավաչափության ստուգումները սկսվեցին այն բանից հետո, երբ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին օրերս հայտարարեց, թե իր ընտանիքի անդամի նկատմամբ ճնշումներ են գործադրվել, չբացառելով, որ դա իրեն շանտաժի ենթարկելու փորձ էր:

Նախագահի փեսայի փաստաբանը «Նովոստի Գրուզիա» գործակալությանը ասել է, որ խուզարկության ժամանակ ոստիկանների ցուցաբերած ոչ կոռեկտ վերաբերմունքը և օրենքի անտեսումը հիմք է տալիս ենթադրելու, որ դա կատարվել է հատուկ նպատակով:

«Գոգոչուրիին մերժել են փաստաբան ունենալու իրավունքը, նրան չեն պարզաբանել լռելու իրավունքը, նրան պահելու արձանագրություն չեն կազմել: Երբ նա փաստաբան է խնդրել, նրան ասել են՝ «կարո՞ղ է գիտես Եվրոպայում ես», ընդ որում՝ լավ իմանալով նախագահի հետ նրա ազգակցական կապերի մասին», - պատմել է նախագահի փեսայի փաստաբանը:

Ներքին գործերի նախարարությունը, իր հերթին, հայտարարել է, որ ոստիկանությունը օպերատիվ տեղեկատվություն է ունեցել անօրինական հրազեն պահելու ու կրելու մասին, և դա ստուգելու նպատակով են հունիսի 28-ի խուզարկել Գոգոչուրիին ու ևս երկու մարդու:

Հետաքննության նյութերը ցույց են տալիս, որ Մինդիա Գոգոչուրին նախկինում դատապարտված է եղել, և ոչ մեկ անգամ: Դատապարտված են եղել նաև նրա երկու ընկերները:

Ոստիկանությունը խուզարկել էր նախագահի փեսայի ավտոմեքենան և բնակարանը, հրազեն չէր հայտաբերվել, ուստի նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարց չէր բարձրացվել:

Ըստ ներքին գործերի նախարարության՝ դատարանը օրինական է ճանաչել քննչական գործողությունները, իսկ ներքին գործերի նախարարի տեղակալ Շալվա Խուցիշվիլին տեղի ունեցածը «սովորական բան» է համարել: