Դատարանն այսօր որոշում կկայացնի նրանց կալանավորման մասին։
Հայր և որդի Մանուկյանների փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ Արամ Մանուկյանը հրաժարվել է մասնակցել դատական նիստին, իսկ Պավլիկ Մանուկյանը, ով ըստ փաստաբանի, հացադուլ է հայտարարել, պատրաստ է դատարան ներկայանալ․ - «Քիչ անց նաև պետք է դատարանում արդեն միջնորդության քննություն սկսվի, մասնավորապես, Արամ Մանուկյանի հետ կապված: Երեխան հրաժարվեց, որպեսզի ինքը մասնակցի միջնորդության քննարկմանը՝ նշելով, որ ինքը ի վիճակի չէ նախևառաջ, և երկրորդը, չի ցանկանում մասնակցել: Այս պահին քննիչները նաև իրենց ներկայացրեցին միջնորդություններ, որ պատրաստվում են դիմել դատարան՝ խափանման միջոցը կալանքն ընտրելու վերաբերյալ: Քիչ անց Կենտրոնի դատարանում Արամի վերաբերյալ միջնորդությունը արդեն պետք է քննության առարկա դառնա: Իսկ Պավել Մանուկյանը, չնայած իր այդ ծանր առողջական վիճակին, հայտարարեց, որ ցանկանում է, որ իրեն բերեն դատարան»:
Պետրոսյանը, սակայն, հավելեց, որ չի պատկերացնում, թե ինչպես է կատարվելու Պավել Մանուկյանի տեղափոխումը դատարան․ - «Երկու ոտքերից ունի հրազենային լուրջ վնասվածքներ, երկաթներով հավաքած են ոտքերը․․․ Բայց այս պահի դրությամբ նա ցանկություն է հայտնել»:
«Սասնա ծռեր» խմբի անդամներն ու ոստիկաններից մեկը հրազենային վիրավորումով «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել ՊՊԾ գնդի գրավված տարածքում տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո, կեսգիշերից մոտ մեկ ժամ անց:
«Սասնա ծռեր» զինված խումբը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ ոստիկանները հարձակում են գործել ՊՊԾ գնդի տարածքի վրա․ - «Քիչ առաջ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և հավանաբար խմբի այլ անդամների: Ոստիկանները առևանգել են Պավելին, Արամին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի»:
Ոստիկանությունը իր հերթին տեսանյութ հրապարակեց՝ պնդելով, որ դրանում «իրականությունն ու փաստերն են» գիշերը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։
Փաստաբան Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ չնայած ֆիզիկական ծանր վիճակին և հաղորդակցման դժվարությություններին, Պավել Մանուկյանն ու նրա որդին պնդում են, որ շարունակելու են պայքարը․ - «Պավել Մանուկյանը ուղղակի ասեց, որ հայտարարում է հացադուլ, պատրաստ է իր պայքարով գնալ մինչև մահը»:
Բժիշկների փոխանցմամբ, Պավել Մանուկյանն ու որդին ազդրի շրջանում են վնասվածքներ ստացել, Արամն անջատված է արհեստական շնչառական սարքից, իսկ հայրը դեռ ոչ։
«Երկու տուժածի առողջական վիճակն էլ ներկա պահին գնահատում ենք իբրև ծանր։ Պավլիկ Մանուկյանի մոտ վիճակը նույնպես գնահատվում է ծանր, դեռ շարունակվում է արհեստական շնչառական օգնությունը, գիտակցությունը քայլ-քայլ, բայց բացվում է, բայց մենք, ելնելով վնասվածքների ծավալից, մի փոքր ավելի երկարատև կշարունակենք և՛ արհեստական շնչառությունը, և՛ որոշ քնաբեր դեղորայքը, ցավազրկող դեղորայքը իր դեպքում մենք մի փոքր ավելի կերկարացնենք այդ ժամանակահատվածը», - լրագրողներին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը:
«Սասնա ծռեր» խմբի վիրավորված անդամների մոտ թույլ են տվել մտնել միայն փաստաբանին: «Ազատության» հետ զրույցում Պավել Մանուկյանի կինը՝ Մարինեն նշեց, որ պարեկապահակային գնդի տարածքի գրավումից՝ հուլիսի 17-ից ի վեր ամուսնու հետ ընդամենը մեկ անգամ է կարողացել խոսել․ - «Մի անգամ էն որ կապը կար, այդ վախտ խոսացել ենք: Չեմ էլ հիշում, երբ ա եղել»: