Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնում է, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:
«Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար», - գրել է Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում:
Տեղի ունեցած փոխհրաձության մասին հաղորդագրություն է տարածել նաև «Սասնա ծռեր» ֆեյսբուքյան էջը` մասամբ հաստատելով ոստիկանության ներկայացուցչի հրապարակած տեղեկատվությունը: Այստեղ, մասնավորապես, նշվում է, որ ոստիկաններն են մուտք գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և հավանաբար խմբի այլ անդամներ: - «Ոստիկանները առևանգել են Պավելին,Արամին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի», - ասված է «Սասնա ծռեր» ֆեյսբուքյան էջի հրապարակած հաղորդագրությունում:
Իրավապահների տվյալներով՝ զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: «Բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են», - ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ տեղեկացնում է Աշոտ Ահարոնյանը: