Չենք փոխելու հանրահավաքի վայրը․ Ենիգոմշյան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարում է, որ չնայած ոստիկանության պահանջներին, Խորենացի փողոցում այսօր նախատեսված հանրահավաքը կայանալու է:

Այսօր ավելի վաղ ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ առաջարկելով Խորենացի փողոցի հավաքը տեղափոխել մեկ այլ վայր, և հավելելով, որ հակառակ դեպքում չի ունենա «այլ միջոց, քան օրենքով սահմանված կարգով դադարեցնել այդ հավաքը»:

«Ոստիկանությունը պիտի ողջամիտ բացատրություն տա իր այդ դիմումի համար: Իրենց պատճառաբանությունը ոչ մի հիմք չունի: Նրանք սարսափած են երեկվա հզոր հանրահավաքից: Ուզում են կանխել ավելի բազմամարդ, հզոր ժողովրդական մոբիլիզացիայի կայացումը այստեղ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ենիգոմշյանը:

Ինչ վերաբերում է առաջիկա հանրահավաքին՝ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչը, մասնավորապես, ասաց․ - «Ողջունում ենք բոլորի աջակցությունը, սակայն այստեղ քաղաքական դիվիդենտներ շահելու տեղը չէ: Ցանկացած նման փորձ կկասեցվի»:

Անդրադառնալով ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների ու իշխանության միջև բանակցություններին՝ նա հավելեց, որ իր տեղեկություններով ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր բանակցություն չի եղել:

«Սասնա ծռեր» խմբի հետ բանակցում էր Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Երեկ հայտնի դարձավ, որ նրան կփոխարինի Սիսիանի «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը:

Ալեք Ենիգոմշյանը փոխանցեց, որ լուծվել է «Սասնա ծռեր»-ի անդամների սննդի հարցը՝ շնորհիվ «այն քաջորդու», ով այսօր առավոտյան, ճեղքելով ոստիկանական պատնեշը, իր մեքենայով սնունդ է հասցրել ՊՊԾ գնդի տարածքը գրաված խմբի անդամներին: