Տավուշի Կողբ գյուղում Թումո կբացվի

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն ու «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամն այսօր Փոխըմբռնման հուշագիր են կնքել Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում Թումո կենտրոն բացելու մասին:

Թումո կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն, նախատեսվում է, որ կենտրոնի շինարարությունը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերին, իսկ ուսումնական գործընթացը կսկսվի 2018 թվականին: Այն նախատեսված կլինի առնվազն 600 ուսանողի համար։ Կողբի Թումոյի ուսանող կկարողանան դառնալ 12-18 տարեկան պատանիները: Ուսումը կենտրոնում, ինչպես և բոլոր քաղաքների Թումոներում, անվճար կլինի:

Նախաձեռնությունը իրականություն կդառնա «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի և Սիմոնյան կրթական հիմնադրամի համագործակցության, ինչպես նաև արգենտինահայ բարերարներ Պողոս Էքսերցեանի, Գրիգոր Սիմսիրօղլու, Նշան Դևեջյանի և այլ բարեգործների աջակցության շնորհիվ:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն անվճար արտադպրոցական ծրագիր է, որի շրջանակներում 12-ից 18 տարեկան հազարավոր պատանիներ ձեռք են բերում արդի թվային աշխարհում հաջողելու և իրենց ապագա ուղին կերտելու հմտություններ: Կենտրոնն ունի չորս հիմնական ոլորտ՝ անիմացիա, կայքերի մշակում, խաղերի ստեղծում և ֆիլմերի ստեղծում, ինչպես նաև ինը լրացուցիչ հմտություններ, ինչպիսին են եռաչափ մոդելավորումը, ռոբոտաշինությունը, գրաֆիկական դիզայնը և այլն: Կենտրոնը գործում է Երևանում, Դիլիջանում, ինչպես նաև Գյումրիում և Ստեփանակերտում: