«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո ընդհատակ անցած Գարեգին Չուգասզյանը խախտել է 10 օրվա լռությունը և այսօր գրավոր հարցազրույց է տվել «Ազատությանը»:
«Լիազորված եմ զգուշացնել երկրի այսօրվա կառավարիչներին, որ եթե լինի գրոհ, ապա այն նոր անպատիժ «Մարտի 1»-ով չի ավարտվելու, և պայքարը չի դադարելու», - ասել է Չուգասզյանը:
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահի խոսքով, թեև «Սասնա ծռերի» անդամները արդեն իսկ հայտարարել են՝ իրենց անունից բանակցությունները պետք է վարի Ժիրայր Սեֆիլյանը, իշխանությունները դրան դեռ չեն համաձայնում։
«Քանի վարչախմբի պարագլուխը այս քայլին չի գնում՝ դժվար է պատկերացնել, թե Հայրենիքի զոհասեղանին իրենց կյանքերը նվիրաբերելու պատրաստ ապստամբները ինչպես են գնալու որևէ փոխզիջման: Կսկսվեն բանակցությունները՝ պարզ կլինեն նաև հետագա քայլերը», - նշել է Չուգասզյանը։
«Հիմնադիր խորհրդարանի» նախագահի խոսքով՝ ապստամբներն արդեն նշել են Հայաստանում անցնցում քաղաքական փոփոխությունների և սահմանադրականության վերահաստատման ճանապարհը՝ բոլոր քաղբանտարկյալների ազատում, վստահության կառավարության ձևավորում, Սերժ Սարգսյանի հրաժարական, արտահերթ ընտրություններ: Չուգասզյանը գրել է, որ հարկադրաբար է գտնվում ընդհատակում և խոչընդոտող պատճառների վերանալուն պես կվերադառնա հրապարակ։
«Ազատության» այն հարցին, թե ներկայացված պահանջները որքանո՞վ են կապված Ղարաբաղի խնդրի հետ, Չուգասզյանը պատասխանել է, որ փոխվում է տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը, ընդ որում՝ հայկական կողմի շահերի իսպառ բացակայությամբ:
«ՀՀ-ն փաստացի զրկված է արտաքին քաղաքականություն վարելու ինքնիշխան իրավունքից», - պնդում է Չուգասզյանը՝ հավելելով, որ Հայաստանի նախագահն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «ում շահերն ասես կարող են ներկայացնել, բացի Հայաստանի ժողովրդից»։
«Վերջիններս բազմից հայտարարել են հայրենիքը մաս-մաս վաճառքի հանելու իրենց պատրաստության մասին, իսկ ապրիլյան պատերազմից հետո նաև անցել են դրա իրագործմանը՝ տեղը ստանալով սոսկ սեփական բռնապետությունը անսահման երկար շարունակելու երաշխիքներ», - նշել է «Հիմնադիր խորհդրարանի» նախագահը:
Չուգասզյանը գրել է, որ ժողովրդի համար յուրային և վստահելի կառավարության կազմման պահանջը, նախևառաջ, Հայաստանի ինքնիշխանության վերականգնման կարևորագույն նախապայմաններից մեկն է և կապված է նաև Ղարաբաղյան հարցի կարգավորման ներկայիս իրավիճակի հետ։