Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում անցկացվող Հարավարևելյան պետությունների արտգործնախարարների հավաքի շրջանակում այսօր Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկվել է Սիրիայի ճգնաժամը:
Հանդիպումից հետո Քերրին հայտարարել է, որ առաջընթաց է ձեռք բերվել երկու երկրների միջև Սիրիայի վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակման գործում համագործակցության սերտացման պլանի շուրջ, որի մանրամասները, ինչպես նա հուսով է, կհայտարարվեն օգոստոսի սկզբին:
Երեկ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը ասել էր, թե «հնարավոր է՝ Ռուսաստանը սկսի ճիշտ գործողությունների դիմել Սիրիայի հարցով», և հույս էր հայտնել, որ պաշտոնական Մոսկվան հանդես կգա քաղաքացիական պատերազմին վերջ տալուն ուղղված քաղաքական լուծման օգտին, թեպետ դրան հասնելու համար դեռ երկար ճանապարհ է պետք անցնել: