«Սասնա ծռերը» կարող են մեղադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր զինված խմբին ուղղված կոչ-հայտարարությամբ, ըստ էության, հստակեցրել է Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնցում կարող են մեղադրվել ՊՊԾ գունդը գրաված անձինք։

Հոդվածները երեքն են՝ պատանդ պահելը, շենք և շինություններ զավթելը և ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը կամ կրելը։ Ծառայությունը զգուշացնում է, որ այս հոդվածներով նախատեսվում է առնվազն 15 տարվա ազատազրկում։

Նախաքննական մարմինն առայժմ չի հստակեցնում, թե գունդը գրավելու առնչությամբ հարուցված քրգործի շրջանակներում քանի ազատազրկված կա։ ԱԱԾ-ն այսօր միայն տեղեկացրել է, որ նոր ձերբակալություններ է իրականացվել և բացահայտել զինված խմբին օժանդակություն ցույց տվող անձանց խումբ։

«Ազատությանը» հայտնի են այս գործով մեղադրվող երեք անձ՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյան, համակիր Խաչատուր Գիչյան և Սամսոն Գաբրիելյան: Երեքն էլ մեղադրվում են զինված խմբին օժանդակելու մեջ։

Օրեր առաջ երկու ամսով կալանավորված Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ զինված խմբի կողմից պատանդների արձակումից հետո դատախազությունը պարտավոր է վերանայել Եղնուկյանի ու մյուսների մեղադրանքները։

«Քննիչի հետ խոսել եմ, բանավոր խոստացել է, որ եթե պատանդներին բաց թողնեն, մեկ ժամ հետո Կարո Եղուկյանի կալանավորումը վերացվում է, դատախազությունը պետք է շատ արագ գործի այս դեպքում։ Քանի որ այլևս չկա պատանդներ պահելու հանցակազմը, հետևաբար չի կարող լինել դրա օժանդակումը», - ասաց Հայրապետյանը:

Ազգային անվտանգության ծառայության կողմից միայն այսօր հրապարակված հոդվածները Տիգրան Հայրապետյանի անհիմն է համարում։ 218 հոդվածը վերաբերում է պատանդ վերցնելուն։ Հայրապետյանի պնդմամբ՝ զինված խմբի պահանջները անօրինական չեն, հետևաբար պետք է առաջադրվեր մեկ այլ՝ ավելի մեղմ սահմանող հոդված։

«Պահանջները հետևյալն են՝ ազատեք քաղբանտարկյալներին: Դա չի կարող անօրինական պահանջ համարվել», - նշում է նա, - «Նույնը Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը՝ դա բարի նպատակ ունի»:

Զինված խմբին աջակցելու մեղադրանքով ազատազրկված Կարո Եղնուկյանի պաշտպանը կարծում է, որ նախաքննական մարմնի տրամաբանությամբ բազմաթիվ քաղաքացիները պետք է մեղադրվեին խմբին օժանդակելու մեջ։

«Իրենք ասում են, որ իրենց միակ երաշխավորը շատ քաղաքացիների հավաքվելն է: Հիմա այս բոլոր մարդիկ էլ ամեն ինչ անում են, որ շա՛տ քաղաքացիներ հավաքվեն: Այսինքն, այս բազմահազարանոց հանրահավաքը հենց այդ նպատակն է: Հիմա եթե այսպես պետք է մեկնաբանենք՝ այդ բոլոր յոթ-ութ հազար մարդուն պետք է մեղադրանք առաջադրվի աջակցության համար: Սա անհեթեթություն է», - ասում է Տիգրան Հայրապետյանը:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, մինչդեռ, այլ փաստարկներ է բերում։ Նշում է, որ զինված խմբի գործողությունները որակվում են որպես հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգ: - «Կառավարման կարգի դեմ հանցագործությունները, առաջ է քաշում քաղաքական պահանջ՝ ահաբեկելու եղանակով: Ճիշտ է, ահաբեկումն առայժմ ուղղված չէ քաղաքացիական անձանց դեմ, բայց ուղղված է պետական մարմնի դեմ, պետական գույքի դեմ», - ասում է Ղազարյանը։

Իրավաբանն անդրադարձավ օրերս համացանցում շրջանառվող՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթներից մեկին, որի վերաբերյալ կարծիքներ են հնչում, թե այն արդարացնում է իշխանության դեմ ապստամբության իրավունքը։ Ղազարյանը, մինչդեռ, նշում է, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանում այլ բան է նշվում, այն է՝ «անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները, որպեսզի նա, որպես վերջին միջոց, հարկադրված չընդվզի բռնակալության ու ճնշման դեմ»։ Իրավաբանի հավաստմամբ՝ միջազգային հանրությունը որևէ փաստաթղթով չի ամրագրել մարդկանց ապստամբության իրավունքը։

«Միտքը այն է, որ պետությունը պարտավոր է ապահովել մարդկանց իրավունքները, որպեսզի մարդիկ չապստամբեն: Հիմա շատերը այդ «որպեսզի մարդիկ չապստամբեն» ձևակերպումը մեկնաբանելով ստեղծում են դրանից իրավունք: Բայց որպեսզի դա լինի իրավունք, դա պետք է որևէ կոնվենցիայում որպես դրույթ ամրագրված լինի, որի տակ պետությունները ստորագրած լինեն, կամ էլ դա լինի սովորույթային նորմ, այսինքն՝ պետությունները իրենց վարքագծով ընդունեն, որ իրենք ճանաչում են նման սկզբունք: Իսկ եթե նման բան չկա, նշանակում է միջազգային իրավունքում նման իրավունք ձևավորված չկա», - պարզաբանեց Արա Ղազարյանը: