Ոստիկանության բռնություններից տուժածները մեծ հույսեր չեն կապում ՀՔԾ քննության հետ

Թեպետ Հատուկ քննչական ծառայություն ոստիկանական բռնությունների և պաշտոնեական դիրքի չարաշահման փաստերով քրեական գործ է հարուցել, փաստաբան Արա Կարագյոզյանը կարծում եմ, որ այս ամենը ձևական բնույթ է կրում:

Հիշելով «Էլեկտրիկ Երևանի» դեպքերը՝ փաստաբանն ասում է՝ վստահ չէ, որ որևէ ոստիկան կպատժվի:

«Ես այդ կառույցից որևէ դրական բան չեմ տեսնում, չեմ էլ տեսել այս տարիների ընթացքում: Իհարկե, հիմա քանի որ լարված է մթնոլորտը, բոլոր իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում է, ցույց են տալիս, որ հարուցվել է», - նշում է նա:

ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքի գրավման ու հաջորդող օրերին ոստիկաններն իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից, Երևան քաղաքի տարբեր վայրերից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքում գտնվող ստորաբաժանումներ են տարել անձանց, նրանց նկատմամբ բռնություն են գործադրել, պատճառել մարմնական վնասվածքներ, ինչպես նաև օրենքով նախատեսվածից ավելի ժամանակով ապօրինի պահել են այնտեղ՝ անձանց իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Փաստաբան Կարագյոզյանը պնդում է՝ ոստիկանները ապօրինի կերպով տասը ժամից ավելի անազատության մեջ են պահել իր երկու պաշտպանյալներին, ծեծել ու նվաստացրել նրանց, սակայն առայսօր տեղյակ չէ, թե ինչ ընթացք է տրվել իրենց հաղորդումներին: Հավելեց՝ քրեական գործի հարուցման մասին տեղեկություն չունի:

«Երկու պաշտպանյալների մասով եմ հաղորդում ներկայացրել․ Վաղինակ Շուշանյանին ծեծի ենթարկելու, ազատությունից ապօրինի զրկելու և իմ փաստաբանական գործունեությունը խոչընդոտելու, ինչպես նաև Սերգեյ Հովակիմյանին Էրեբունի բաժնում ծեծի ենթարկելու, որտեղ ակնհայտ մարմնական վնասվածքներ է ստացել անձը, բայց մինչև հիմա ես, որպես նրանց պաշտպան, չեմ ստացել ինչ-որ որոշում, ինչպես նաև իմ պաշտպանյալները չեն ստացել», - ասում է նա:

Ակտիվիստ Անդրանիկ Ասլանյանը, ով պնդում էր, որ հուլիսի 18-ի գիշերը ոստիկաններն իրեն ու Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին դաժանորեն ծեծի են ենթրակել, նաև թքել Դավիթի վրա ու ստորացրել իրեն, առայսօր տեղեկություն չունի՝ իր ներկայացրած հաղորդումից:

«Տվյալներ չունեմ գործի քննության ընթացքից, առանձնապես մեծ հույս էլ չեմ կապում», - «Ազատության» հետ զրույցում ասում է Ասլանյանը:

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանը, մինչդեռ, տեղյակ, է որ իր ներկայացրած հաղորդմանը ՀՔԾ-ում ընթացք է տրվել: Պատմեց՝ ինքը ցույցի մասնակից չէ, պարզապես Խորենացի փողոց էր գնացել ծանոթներից մեկին հանդիպելու, երբ իրավիճակը լարվել է որոշել է մտերիմներից մեկին ճանապարհել ու ինքն էլ հեռանալ տեղանքից: Նար-Դոս տանող ճանապարհներից մեկում հանկարծ նկատել է, որ դեպի իրեն են գալիս մի խումբ ոստիկաններ, մահակի առաջին հարվածից դեմքն արյունլվա է եղել: Կապտուկներով ու վիրակապված դեմքով Շահվերդյանն առայսօր չի հասկանում՝ ո՞ր մեղքի համար իրեն դաժան ծեծի ենթարկեցին ոստիկանները:

«Տեսան ինձ մեն-մենակ կանգնած, անմիջապես, առանց որևէ խոսք ասելու հարձակվեցին վրաս: Հենց առաջին հարվածը մահակով՝ ճակատիս: Անմիջապես արյուն լցվեց աչքերս: Ձեռքերս ոլորեցին և սկսեցին մահակներով և աքացիներով հարվածել: Ես ուղղակի շշմել էի, միայն հասցրեցի ասել, որ՝ այ տղերք ջան, ես ձեր հոր տարիքի մարդ եմ, ի՞նչ եմ արել, ինչի՞ եք ինձ այսպես դաժանորեն ծեծում», - պատմեց Շահվերդյանը:

Հատուկ քննչական ծառայությունից չմանրամասնեցին, թե քանի տուժած ակտիվիստի հաղորդում է ընդունվել, կոնկրետ ո՞ր դեպքերով են քրգործ հարուցել, բայց փոխանցեցին՝ դրանք վերաբերում են նաև Սանասարյանի, Ալավերդյանի ու Շահվերդյանի դեպքերին: