Սարիթաղցիների պնդում են, որ հուլիսի 19-ին ոստիկանների հետ տեղի ունեցած բախումից հետո իրենց թաղամասում հետապնդումներ են սկսվել, մի քանիսին անհայտ անձինք առևանգել, ծեծել, այնուհետև ազատ են արձակել, իսկ բերման ենթարկվածները քավության նոխազ են դարձել:
«Բայց ախր էդ մարդիկ մեղավորություն ունեցել են այնքանով, որ ուզեցել են Սարի թաղի պահանջները բարձրաձայնեն», - ասում է կալանավորված Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանը։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, Հարթություն Թորոսյանից բացի այսօր կալանավորվել է ևս 3 քաղաքացի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Հուլիսի 19-ի բախումների գործով տուժող է ճանաչվել 6 ոստիկան։
Սարիթաղցիների տեղեկությամբ, կալանավորվածներից մեկը Հրայր Իսախանյանն է։ Նրան երկու օր առաջ թաղամասի փողոցներից մեկից ոստիկանություն են տարել։ Տղան, ըստ հարազատների, հոգեկան հիվանդություն ունի և բանակից ազատված է եղել։ Հրայրի տատը պնդում է, որ թոռը հուլիսի 19-ին Որմնադիրներ - Գլինկա փողոցների հատվածում միայն բողոքի է մասնակցել, կռվի ժամանակ տանն է եղել։
«Ինքը թողեց, շուտ եկավ պառկեց: Ասեց՝ չէ, ես գործ չունեմ, այ մարդ: Ղալմաղալ էր, ես թողել եկել եմ», - պատմում է Մարգարիտա Իսախանյանը:
Սարիթաղցիների կարծիքով, իրենց բողոքն արդարացի է եղել՝ պահանջել են տարրական կենցաղային պայմանների ապահովում, իսկ ոստիկանությունը կատարվածը միակողմանի է ներկայացնում ու տպավորություն ստեղծում, թե ցուցարարները ոստիկանների վրա հարձակվելու համար էին հավաքվել։
Թորոս Թորոսյանը Սարի թաղում ապրողների վիճակը համեմատում է ՊՊԾ գնդում գտնվողների վիճակի հետ։ Միայն թե՝ իրենք ակամայից էին հայտնվել շրջափակման մեջ՝ զրկվելով ջրից, գազից ու տրանսպորտից։
«Ջահել տղերք են, սաղն էլ ինքնասիրություն ունեն․․․ մեկին մի բան ավել են ասել, մեկին մի բան պակաս․․․ բայց, համենայնդեպս, եթե դուք այդ նկարահանումները տեսել եք՝ մարդիկ ասում են՝ բացեք մեր ճանապարհը», - ասում է Թորոսյանը:
Անկախ ձերբակալություններից՝ սարիթաղցիները համոզված են, որ միայն բողոքի ակցիայի միջոցով կարելի էր խնդիրների վրա հրավիրել իշխանության ուշադրությունը։