Խոմյակով․ «Մոսկվայի համար սա ընդամենը առիթ է՝ Եվրամիությանը մեղադրելու համար»

Ռուսաստանցի փորձագետ Վալերի Խոմյակովը չի բացառում, որ Մոսկվան միջամտի երևանյան իրադարձություններին:

Հուլիսի 22-ին Ռուսաստանի արտգործնախարարությունը մի հայտարարություն էր տարածել, որում մեղադրել էր Եվրամիությանը՝ Հայաստանում իրադրությունը սրող ուժերին սիրաշահելու մեջ:

Մի քանի օր առաջ ԵՄ պատվիրակությունը հայտարարություն էր տարածել Երևանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ, որում իշխանություններին կոչ էր արել հարգել «համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաև բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների ժամանակ»: Եվրամիության այս հայտարարությունը ավելի վաղ քննադատել էր նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հայաստանյան իրադարձությունները հերթական առիթն են պաշտոնական Մոսկվայի համար հայտարարելու՝ տեսե՛ք ինչ վատն է Արևմուտքը, ինչ են կազմակերպել Հայաստանում: Սա է տրամաբանությունը», - «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց Ազգային ռազմավարության խորհրդի գլխավոր տնօրեն, քաղաքագետ Խոմյակովը: - «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր արտգործնախարարությունը նույնիսկ չի փորձում հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում Հայաստանում: Չէ՞ որ ողբերգություն է տեղի ունեցել, մարդ է մահացել: Բայց արտգործնախարարության համար սա ընդամենը առիթ է՝ հերթական անգամ Եվրամիությանը ինչ-որ բաներում մեղադրելու համար: Նման հայտարարությունները պարզապես վիրավորական են հայաստանցիների համար: Եկեք չմոռանանք, որ Հայաստանը Կիևյան Ռուսիայից 700 տարի առաջ է քրիստոնեություն ընդունել», - ասում է փորձագետը:

Ըստ Խոմյակովի, Մոսկվան նույն սխալներն է թույլ տալիս, ինչ ուկրաինական Մայդանի ժամանակ: - «Չի կարելի նման դեպքերում միայն իշխանության կողմը կանգնել, գոնե այն պատճառով, որ իշխանությունը կարող է փոխվել», - ասում է նա՝ հավելելով․ - «Սա շատ մակերեսային, անհեռանկարային արձագանք է: Իրավիճակը կարող է փոխվել և ռուսական դիվանագիտությունը շատ բարդ իրավիճակում կհայտնվի»:

Սրա հետ մեկտեղ, փորձագետը երևանյան իրադարձությունների և Մայդանի միջև նմանություն չի տեսնում երկու հիմնական պատճառով: Առաջինը՝ այսօրվա զարգացումների հիմքում, ըստ Խոմյակովի, ղարաբաղյան գործոնն է: Բացի այդ, գրեթե բոլոր զինյալները ղարաբաղյան պատերազմի մասնակիցներ են: Եվ երկրորդը՝ հայաստանցիները չեն համախմբվել, ինչպես ուկրաինացիները 2014-ին, ասում է փորձագետը և հավելում՝ իրադարձությունները շարունակվում են: