Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել է Քաշաթաղի շրջան:
Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, երկրի ղեկավարը ծանոթացել է Հագարի և Աղավնո գետերի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման ընթացքին:
Նախագահը Քաշաթաղի շրջանի ջրային պաշարների օգտագործումը համարել է ռազմավարական մեծ կարևորություն ունեցող ծրագիր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ նշելով, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրություն է դարձնելու այդ բնագավառին:
Այնուհետև Բակո Սահակյանը Ծիծեռնավանք գյուղում խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության ու շրջանի հյուսիսային թևի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, քննարկել այնտեղ առկա խնդիրները և զարգացման հեռանկարները:
Հատուկ ուշադրություն է դարձվել վերաբնակեցման հարցերին և բերքահավաքի ընթացքին: Համապատասխան զեկույցով հանդես է եկել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը:
Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Նախագահին ուղեկցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: