Հայ ազգային կոնգրեսը անհեթեթ է համարում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քննադատությունը Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին։
«Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այդ միտքը հիմարության և անհեթեթության կատարյալ նմուշ է, և ես բացարձակ ժամանակ և ցանկություն չունեմ նման միտքը մեկնաբանելու համար», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը։
Երեկ Փաշինյանը քննադատել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին երկրում այս օրերին ստեղծված իրավիճակի վերաբերյալ նրա հայտարարության համար։ Փաշինյանը ասել էր․ - «Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի անունից լսել նման հայտարարություն՝ առնվազն տարօրինակ է։ Ես համարում եմ, որ դա ամոթալի հայտարարություն է։ Եվ մի՞թե առաջին նախագահը կարող էր չգիտակցել այս նրբությունը․ ես խիստ կասկածում եմ, որ նա չէր հասկանում, թե ինչ է հայտարարում։ Հետևաբար, ինչո՞ւ է նման բան ասում, մի՞թե այն պատճառով, որ գիտակցում է, որ իրավիճակի խորքային վերլուծությունը կարող է ցույց տալ, որ այս իրավիճակի փուլային կամ փաթեթային լուծումը պարտադիր կերպով կարող է ներառել մի կոմպոնենտ՝ Սերժ Սարգսյանի հեռացումը իշխանությունից»։
Ընդդիմադիր պատգամավորն ավելի առաջ էր գնացել՝ տարիներ շարունակ Սերժ Սարգսյանին քննադատող Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրելով Սարգսյանի հետ դաշինք կազմելու մեջ։
«Որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյան ի հետ դաշինք է կազմել Ղարաբաղի հարցում, այսպես կոչված, մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է որպես Լավրովի պլան։ Դա մի խայտառակ և ստորացուցիչ լուծում է Հայաստանի համար և այդպիսի լուծման համաձայնելը ամոթալի է ոչ միայն առաջին դեմքերի, այլև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար», - ասել էր նա։
Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, անդրադարձել էր «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակմանը՝ ասելով․ - «Այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ հանգեցրել են մի այնպիսի ծայրահեղ քայլի, ինչպիսին է պետական հիմնարկության դեմ ուղղված զինված գործողությունը»։
«Բնականաբար, ամեն կերպ անհրաժեշտ է խուսափել նոր արյունահեղությունից և խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, որքան էլ դրանք դժվար լինեն և ողջամիտ ժամանակ պահանջեն», - գրել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Լրագրողների հարցին՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները իրեն կմեղադրեն, թե նրա շնորհիվ ստացավ պատգամավորական մանդատը, իսկ հիմա քննադատում է, Փաշինյանը երեկ այսպես էր արձագանքել․ - «Թող մեղադրեն, ինձ ինչի՞ մեջ չեն մեղադրել, կարո՞ղ եք ասել։ Ես մեղադրանքներից չեմ վախենում, որովհետև չի կարող իմ նկատմամբ լինել հիմնավորված որևէ մեղադրանք։ Դա դեռ հարց է, թե ով ում շնորհիվ է մանդատ ստացել»։
Այսօր ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում տեսաուղերձ է հրապարակել՝ կոչ անելով Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջողներին այսօր ժամը 20։00-ից 22։00-ն հավաքվել Խորենացի փողոցում՝ այն անվանելով կամարտահայտման հարթակ․ - «Այս պրոցեսը պետք է սկսվի Երևանում, Երևանում հասնի պիկի, որից հետո արդեն պետք է տեղափոխվի մարզկենտրոններ։ Եվ ուրեմն՝ պրոցեսի քաղաքական հաջողությունը կամ անհաջողությունը կախված է բացառապես մի գործոնից, թե Հայաստանի քաղաքացիների քանի՞ տոկոսն է պաշտպանում իր ֆիզիկական ներկայությամբ, ոչ թե մտքում, ոչ թե իրիկունը տանը թաքուն մտածելով կամ սուրճի սեղանի շուրջ ընտանիքի անդամների հետ քննարկելով, այլ կոնկրետ հրապարակային իր դիրքորոշումը արտահայտելով»։
Ընդդիմադիր պատգամավորը երեկվա հանրահավաքում հայտարարել է, թե՝ եթե ժողովուրդը որոշի իշխանափոխության գնալ, ինքը կառաջնորդի այն։ Այսօր հրապարակած տեսաուղերձում էլ նշում է, որ այս հարցում մեծ դեր ունի ժողովուրդը։ Քաղաքացիներին Խորենացի փողոց հրավիրող ընդդիմադիր պատգամավորը համոզված է, որ այսօրվա հավաքի մասնակիցների թիվն ավելի մեծ կլինի, քան նախորդ օրերին էր․ - «Դա, ուրեմն, կախված է միմիայն քաղաքացիների դիրքորոշումից և այդ դիրքորոշումը արտահայտելու կամքից։ Թերևս կարող եմ ասել հետևյալը, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի ճակատագիրը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես՝ այսինքն՝ ձեզանից յուրաքանչյուրը»։
«Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրավելուց հետո Նիկոլ Փաշինյանն այցելել էր զինված խմբին ու հետո արդեն խմբին սատարելու եկած քաղաքացիների հետ երեկոները անցկացրել Խորենացի փողոցում։ Մինչդեռ «Սասնա ծռեր» խմբի անդամները նրան ակնարկել էին, որ չգա հանրահավաքներին, ինչից հետո ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ այլևս չի գնա Խորենացի։ Երեկ, սակայն, նա փոխեց իր որոշումը՝ վկայակոչելով հարյուրավոր քաղաքացիների խնդրանք-պահանջները՝ վերադառնալու հանրահավաքի վայր։ Այսօր արդեն Վարուժան Ավետիսյանը դատապարտելի էր համարել Փաշինյանի արարքը և մամուլին փոխանցել է, թե փորձել է օգտագործել բարձրացող ժողովրդական շարժումը իր անձնական, կուսակցական նեղ շահերը սպասարկելու համար։ - «Հուսով եմ՝ այսուհետ պարոն Փաշինյանը ձեռնպահ կմնա նման քայլեր կատարելուց», - ասել է Վարուժան Ավետիսյանը։
Մոտ մեկ ժամից Խորենացի փողոցում հանրահավաքի պատրաստվող Փաշինյանը այս քննադատությանը կարձագանքի տեղում՝ Խորենացի փողոցում։