ԱԺ նախագահ. «Նման գործողությունները փոխզիջման ճանապարհով են լուծվում»

Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքի գրավման հետևանքով ստեղծված իրավիճակը կարող է հանգուցալուծվել փոխզիջումային տարբերակով, որը ձեռնտու կլինի թե՛ զինյալներին, թե՛ հանրությանը, սակայն բացառապես օրենքի շրջանակներում, այսօր «Ազատությանն» ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Մեր հարցին՝ ո՞րն է այն զիջումը, որը իշխանությունը պատրաստ է կատարել, ԱԺ նախագահը պատասխանեց․ - «Մինչև այսօր դեռևս իրենց կողմից չկա որևէ խոսք՝ փոխզիջելու, իսկ մենք պատրաստ ենք օրենքի շրջանակներում այնպես անել, որ փոխզիջումն ու օրենքը համընկնեն: Գիտեք, ամենածանր ողբերգությունը նա էր, որ մարդը, որը կռվել էր ղարաբաղյան շարժման ընթացքում և մասնակցել քառօրյա վերջին պատերազմում, առաջին զոհը դարձավ իրենց մարտունակության վիճակով: Իհարկե, ես այստեղ էլ չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, բայց սրանք խոսակցություններ են, որ ժողովրդի մեջ այսօր անցնում են: Իսկ լուծման ձևը հետևյալն է՝ ինչպիսի պահանջներ ուզում է լինի, այդ պահանջները պիտի իրավական լինեն: Ինչ-որ ձևով կարող ենք նաև քաղաքական չափումներ անել և փորձենք խնդիրը լուծել և այդպիսով առաջ գնալ»:

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծման տարբերակ կարող է լինել կառավարության հրաժարականը, օրենսդիր մարմնի ղեկավարն ասաց․ - «Մենք աշխատում ենք, որ այնպիսի լուծում գտնվի, որի մասին բոլորը նույն կերպ մտածեն: Ինչ վերաբերում է՝ կառավարության անդամի հանել, մյուսին հանել․․․ նման գործողություններ չի կարող լինել: Եթե ճիշտ չլուծենք, դա դեմ դուրս կգա պետությանը: Առայժմ մենք պիտի մտածենք ամեն ինչ անել, որպեսզի պետության դերակատարումը իր տեղում մնա»:

«Ազատության» ճշտող հարցին՝ ի՞նչ նկատի ունի ճիշտ լուծում ասելով, Գալուստ Սահակյանը պատասխանեց․ - «Ճիշտ լուծման տեսակը հետևյալն է, որ մարդիկ զգան, որ իրենց գործողությունները մեծ հույսեր կամ տրամադրություն չի առաջացնում մարդկանց մոտ, հանձնվեն իշխանությանը: Կարծում եմ՝ դատական կարգով, քաղաքական գործիչներով կորոշենք, որպեսզի ավելի պարզ, դրական և մատչելի լինի և՛ հասարակության համար, և՛ իրենց համար»:

Ի տարբերություն նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Ազգային անվտանգության ծառայությունը հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված անձանց հաղորդագրություններից մեկում անվանել էր «ահաբեկիչներ»: Ի պաշտոնե պետության երկրորդ դեմքը հանդիսացող Գալուստ Սահակյանր հստակ չասաց՝ արդյո՞ք «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին համարում է ահաբեկիչ:

«Ես, ճիշտն ասած, մոտիկից չեմ ճանաչում: Համենայնդեպս, մեկ անգամ դա տեսել եմ և որևէ մեկը չի կարող ինձ այլ պայմաններ առաջադրել: Մեկ անգամ՝ 99 թվականին, արդեն Ազգային ժողովում տեսել եմ: Նույն խոսքերը, նույն մտորումները, նույն դիպվածները կատարվում էր նաև 99 թվականին: Այնպես որ ես չեմ էլ ուզում էսօր մեղադրել՝ դավաճան են, դավաճան չեն, ճիշտ վերաբերվեցին, հետագայում ինչ պիտի լինի․․․ պարզապես մտածում եմ՝ այնպիսի լուծում լինի, որ և՛ իրենց ձեռնտու լինի, և՛ մեր հասարակությանը», - պատասխանեց Ազգային ժողովի նախագահը: