Բերման է ենթարկվել 136 քաղաքացի

Ոստիկանները Խորենացի փողոցում բերման են ենթարկում ցուցարարին, 21-ը հուլիսի, 2016թ․

Գիշերը ոստիկանությունը Խորենացի փողոցից բերման է ենթարկել 136 հոգու, որոնցից 16-ը ձերբակալվել է։

Այսօր վաղ առավոտից ոստիկանության տարբեր բաժիններ շտապած քաղաքացիները փորձում էին ճշտել գիշերվանից անհետացած հարազատների գտնվելու վայրը և ստանում նույն պատասխանը՝ բերման է ենթարկվել գիշերվա բողոքի ակցիային մասնակցելու համար։

Որդու գտնվելու վայրը երևանաբնակ Լևիկ Հարությունյանը պարզել էր իրավապաշտպան կազմակերպություն դիմելուց հետո և շտապել ոստիկանության Նորքի բաժին։ Տղան՝ 22-ամյա Տարոն Հարությունյանը, ամիսներ առաջ է եկել բանակից։ Հայրը տեղյակ է եղել, որ որդին մասնակցում է բողոքի ակցիաների․ - «Հա, գիտեի, ի՞նչ: Ինքը գնում ա, ընդեղ կանգնում ա: Ինքը ոչ լիդեր ա, ոչ էլ բան: Բա՝ մեր Հայաստանում ա, մենք էլ կործանվում ենք»:

Ժամեր շարունակ կիզիչ արևի տակ որդիներին սպասող Լևիկ Հարությունյանն ու Նոնա Գևորգյանը պատմեցին՝ տեսել են, թե ինչպես է շտապբուժօգնության մեքենան մոտեցել ոստիկանության շենքին ու պատգարակով դուրս հանել 18-ամյա մի երիտասարդի։ Հարազատներին սպասող քաղաքացիները փորձել են մոտենալ ու ճշտել տղայի անունը, որպեսզի կարողանան հնարավորության դեպքում տեղեկացնել նրա հարազատներին։

«Երեխեն փորի վրա պառկած էր, չէր շարժվում բացարձակ, հազիվ շնչում էր: Հազիվ ասաց անուն-ազգանուն՝ Ահարոն․․․ Անտոնյան Ահարոն», - պատմում էր Նոնա Գևորգյանը:

Նոնա Գևորգյանի կարծիքով՝ տղային հավանաբար ծեծի են ենթարկել ոստիկանությունում։ Որդուն սպասող Նոնա Գևորգյանը պնդում էր, որ իր տղան կապ չուներ բողոքի ակցիայի հետ, պարզապես այդ վայր էր գնացել ընկերոջը հանդիպելու։

«Իմացել եմ հենց «Ազատություն»-ից՝ տանը պառկած նայում էի: Հետո ընկերուհիս էլ զանգեց, ասաց՝ տղադ այնտեղ ա», - պատմում է նա:

Ակտիվիստ Վարդգես Գասպարիի կինն «Ազատությանը» փոխանցեց, որ ամուսնուց արդեն կես օր է՝ լուր չունի։ Բողոքի ակցիայի շտապող Գասպարին միայն հասցրել է զանգահարել կնոջն ու ասել, որ իրեն բերման են ենթարկում, ինչից հետո նրա հեռախոսը անհասանելի է։

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հարուցվել է քրեական գործ զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելու հոդվածով։ Ըստ կոմիտեի հաղորդագրության, այսօր վաղ առավոտյան զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել 28 անձ, որոնցից 16-ը՝ ձերբակալվել է։ Նախաքննական մարմինը հաղորդում է, որ երեկ երեկոյան «մի խումբ ցուցարարներ կատարել են անկարգություններ, որոնք ուղեկցվել են գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմամբ, որի հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը»։

Ձերբակալվածների պահման վայրերում դիտորդություն իրականացնող հասարակական խմբի անդամ Սուրեն Իսկանդարյանն «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ վաղ առավոտից այցելություններ են իրականացրել Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ հանդիպել են գիշերը բերման ենթարկված և զանգվածային անկարգությունների համար ձերբակալված 22-ամյա Տիգրան Ղուկասյանի հետ։ Իսկանդարյանն ասաց, որ երիտասարդը հերքում է նախաքննական մարմնի պնդումները, թե ոստիկանների նկատմամբ բռնություն է գործադրել։

«Ասում է՝ գոռգոռում էի, ուրիշ ոչ մի բան», - պատմեց նա:

Իսկանդարյանը նշեց, որ Տիգրանի վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, բայց նա բողոքել է, որ իրեն ոստիկանական բաժանմունք են տեղափոխել հայհոյանքներ տալով։ Դիտորդական խմբի դիտարկումները ցույց են տալիս, որ ոստիկանությունը ձերբակալված անձանց իրավունքները խախտել է՝ չտրամադրելով ձերբակալման մասին որևէ փաստաթուղթ։

«Ընդհանրապես ձերբակալման արձանագրությունը անձանց տրամադրում են, որ անձը հասկանա՝ ինչի՞ մեջ են իրեն կասկածում, որ բողոքարկելու հնարավորություն ունենա: Ընդհանրապես չեն էլ տրամադրել», - նշեց նա: