Գիշերային բախումների քրոնիկոն

Արդեն հինգ օր շարունակ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբավորմանը սնունդ փոխանցելու խնդիրը երեկ երեկոյան գնդին հարակից Խորենացի փողոցում հանգեցրեց մի խումբ քաղաքացիների և ոստիկանների բախմանը:

«Հիմնադիր խորհրդարանի» որոշ աջակիցներ պնդում էին, որ զինված խումբը արդեն երկու օր սննդի լուրջ պակաս ունի, ուստի իրենց պետք է հնարավորություն տրվի ուտելիք փոխանցել հուլիսի 17-ին պարեկապահակային գունդը գրաված անձանց:

Այն ժամանակ, երբ հավաքված քաղաքացիները սպասում էին պատասխանի՝ վահաններով և հատուկ հանդերձանքով զինված ոստիկանական շարքերի ուղղությամբ մի քանի քարեր նետվեցին: Միայն սրանից հետո ոստիկանության ներկայացուցիչը մոտեցավ քաղաքացիներին՝ կոչ անելով չդիմել բռնությունների: - «Քար նետվեց այստեղից, ոստիկան վիրավորվեց: Մյուս անգամ նման բան չկրկնվի, հակառակ դեպքում մենք մեր միջոցները կձեռնարկենք», - ասաց ոստիկանը:

Չբավարարվելով պատասխանից՝ բարձրախոսով խոսող քաղաքացիներից մեկը կոչ արեց կանանց՝ հետ գնալ, ինչից րոպեներ անց հավաքվածների մի մասը պլաստիկե շշեր ու քարեր նետեց ոստիկանական պատի ուղղությամբ, որոշ ցուցարարներ սկսեցին հարվածել պատ կազմած ոստիկաններին: Քաղաքացիներից մեկն էլ խլեց ոստիկանական երկաթյա վահանը: Ոստիկանները պատասխանեցին արցունքաբեր գազի կրակոցներով և սկսեցին առաջ գալ:

Բախումների արդյունքում տուժեցին տասնյակ քաղաքացիներ և ոստիկաններ: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան:

Քաղաքացիներին հետ շպրտելուց հետո ոստիկանական ուժերը կեսգիշերին մոտ վերադարձան իրենց նախնական դիրքերը՝ Քրիստափորի և Խորենացի փողոցների խաչմերուկ: Դրանից հետո քաղաքացիները սկսեցին աղբամաններից բարիկադներ կառուցել՝ փակելով նաև Խորենացուն զուգահեռ Տիգրան Մեծ փողոցի մի մասը:

Վաղ առավոտյան՝ ժամը 4-ի սահմաններում, ոստիկանությունը զգուշացրեց Խորենացու փողոցում հավաքված ցուցարարներին, որ նրանց հավաքը անօրինական է, և կոչ արեց լքել տարածքը։ Ցուցարարները, սակայն, մնացին տեղում, ինչից հետո ոստիկանները սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել ներկաներին: Ոստիկանության փոխանցմամբ՝ իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, բռնություն գործադրելու սպառնալիքի կասկածանքով ոստիկանության բաժիններ են տեղափոխվել 136 քաղաքացիներ:

Առավոտյան ժամ վեցի շրջանում երթևեկությունը Տիգրան Մեծի պողոտայում, ինչպես նաև Քրիստափոր-Խորենացի փողոցների խաչմերուկում վերականգնվեց: