Ոստիկանությունը մինչ օրս չի հրապարակում կիրակի օրվանից բերման ենթարկված քաղաքացիների թիվը

Ոստիկանությունը մինչև օրս չի հայտնում, թե կիրակի օրվանից ի վեր ինչ հիմքերով և քանի մարդ է բերման ենթարկվել ոստիկանության բաժիններ և այնտեղ պահվել ժամեր շարունակ:

«Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Դրա համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, պետք է հաշվել, պետք է ամփոփել», - այսօր ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Իրավապաշտպանների տարբեր հաշվարկներով՝ միայն կիրակի օրը ավելի քան 100 անձ է բերման ենթարկվել: Ընդ որում, նրանք հիմնականում ավելի քան 10 ժամ պահվել են բաժիններում, ինչն օրենքի խախտում է, եթե բերման ենթարկվածները կարգավիճակ չունեն։

«Մենք ունենք շուրջ 80 անուն-ազգանուն, ում այս ընթացքում բերման են ենթարկել, բայց դատելով տարբեր տեղեկություններից, բերման ենթարկվածների թիվը 150-ից 200-ի միջակայքում է, որովհետև միայն կիրակի օրը Ոստիկանության զորքերի 1033 զորամասում քաղաքացիներն իրենք իրենց հաշվել էին՝ 102-ից 106 հոգի էին», - ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Որևէ բարձրաստիճան ոստիկան մինչ օրս չի բացատրել նաև ինչու են բերման ենթարկված ակտիվիստները տարվել ոստիկանության զորքերի զորամաս:

«Ոստիկանության զորքերը դա առանձին կառույց է, որի գործունեությունը կարգավորվում է առանձին օրենքով: Որևիցե օրենքով նախատեսված չէ, որ քաղաքացուն կարելի է բերման ենթարկել Ոստիկանության զորքերի ստորաբաժանում», - ասում է Իոաննիսյանը:

Կիրակի օրվանից սկսած նաև տարբեր ակտիվիստներ բարձրաձայնեցին ոստիկանների կողմից իրենց հանդեպ բռնությունների մասին, Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացանք, որ «ոստիկանների կողմից կատարված առերևույթ հանցագործությունների մասին հաղորդումներ են ստացել, դրանք դեռ ուսումնասիրվում են, քրեական գործեր չկան»։

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ իրենք էլ ծառայողական քննություններ են իրականացնում, արդյունքների մասին դեռ չեն խոսում։ - «Չկա մի հրապարակում, որ լինի, որ ոստիկանությունը բռնություն է կիրառել կամ անհամաչափ ուժ է կիրառվել, և դրանով ուսումնասիրություն կամ ծառայողական քննություն չլինի», - ասում է Աշոտ Ահարոնյանը:

Բռնության ենթարկված ակտիվիստները այժմ ապաքինվում են: Նրանք նկատում են՝ երեկ Սարի թաղում տեղի ունեցած բախումից ժամեր անց քրեական գործ հարուցվեց, ոստիկանները ճանաչվեցին տուժողներ, իսկ իրենք հնարավոր է դեռ օրեր շարունակ սպասեն, վերջում էլ՝ ոստիկանները չպատժվեն, ինչպես անցյալ տարվա հունիսի 23-ի՝ «Էլեկտրիկ Երևանի» դեպքերից հետո։

Ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը պատմում է՝ իրեն կիրակի օրը քաղաքի կենտրոնից են նստեցրել ոստիկանական մեքենա և տարել 1033 զորքերի զորամաս, ուր մնացել է մինչև կեսգիշերն անց՝ 4 ժամ շարունակ թույլ չեն տվել հանդիպել փաստաբանին։ Շուշանյանի փաստաբանը ևս հաղորդում է ներկայացրել դատախազություն: