Խորենացիում բախման հետևանքով տուժածների մեծ մասը գազային թունավորում է ստացել

Վիրավորները՝ «Էրեբունի» հիվանդանոցում, 21-ը հուլիսի, 2016թ․

Երևանի Խորենացի փողոցում այս գիշեր տեղի ունեցած բախումների հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան։

Առողջապահության նախարարության՝ այսօր առավոտյան հրապարակած հաղորդագրության համաձայն, տուժածներից 15-ն անհրաժեշտ բժշկական օգնությունը ստացել է ամբուլատոր պայմաններում։

Տվյալ պահի դրությամբ, գիշերը տեղի ունեցած միջադեպի հետևանքով տարբեր վնասվածքներ ստացած 34 տուժածներ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Երևան», «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոններում, «Հերացի» թիվ 1 համալսարանական համալիրում շարունակում են հիվանդանոցային բուժումը։

Բոլորին ողջ ծավալով տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն, ասված է հաղորդագրությունում:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում «Ազատության»-ը փոխանցեցին, որ հիվանդանոց է տեղափոխվել 18 մարդ՝ 15 ոստիկան, 3 քաղաքացիական անձ: Հիվանդանոցի հերթապահ վիրաբույժի խոսքով, մեծ մասը միջին և թեթև ծանրության վնասվածքներ ունեն, հիմնականում գազային թունավորում են ստացել:

«2 վիրավոր՝ 1 ոստիկան ու 1 քաղաքացիական անձ վերակենդանացման բաժանմունքում են: Նրանց վիճակը կայուն է», - ասաց վիրաբույժ Արտակ Վարդանյանը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց է տեղափոխվել 13 վիրավոր՝ 2-ը քաղաքացիական անձինք են, 11-ը՝ ոստիկան:

Հիվանդանոցում «Ազատության»-ը փոխանցեցին, որ ծանր վիրավորում ունի երկու ոստիկան, նրանցից մեկը ուղեղի ցնցում ունի, մյուսը գազային թունավորում է ստացել:

Չորեքշաբթի երեկոյան Խորենացի փողոցում բախում տեղի ունեցավ ավելի քան հարյուր ցուցարարների և ՊՊԾ գունդ տանող տարածքը արգելափակած ոստիկանության ուժերի միջև: Այն բանից հետո, երբ ցուցարարները սկսեցին քարեր շպրտել և գրոհել ոստիկանների դիրքերը, ոստիկանությունը արցունքաբեր գազի, վահանների և մահակների կիրառմամբ ցրեց հավաքվածներին:

Իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ ոստիկանության և ցուցարարների բանակցությունները՝ հուլիսի 17-ից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի զինված խմբին ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջոցով սնունդ հասցնելու շուրջ, ընդհատվեցին, քանի որ պատգամավորն ահազանգ ստացավ Սարի թաղում լարվածության մասին և մեկնեց այդտեղ: Այնուհետև, լսելով Խորենացի փողոցում բախումների մասին, Փաշինյանը վերադարձավ և հայտարարեց, որ բախումը տեղի է ունեցել սադրանքի հետևանքով:

«Ազատության» լրագրողը ամբողջ գիշեր շրջել է հիվանդանոցներով: Տուժածները նրան պատմել են, թե ինչպես է սկսվել բախումը, և ինչ վնասվածքներ են իրենք ստացել:

Նրանցից մի տղամարդ «Ազատությանը» պատմեց․ - «Ճիշտն ասած, բավական սադրանքի նման էր: Առաջին կարգի կանգնածները սկսեցին դատարկ շշեր նետել դեպի ոստիկանության․․․ դեպի այդ մեքենաները, որոնց հետևը ոստիկանությունն էր: Քարեր հետո․․․ Բայց դա ընդամենը մի քանի հոգու արած էր, ոնց որ հատուկ պատվեր լիներ: Հետո միանգամից բացվեց էդ մեքենաների արանքը, և դուրս եկան մահակներով, սաղավարտներով և վահաններով զինված ոստիկանները և սկսեցին կրակել՝ կոչվում ա պայթուցիկ պակետներ: Պայթուցիկ պակետը լավ ա միանգամից չկպավ, ընկավ գետնին և թևս վառեց: Հետո ես փորձում էի․․․ ես ամենաառաջին կարգում էի, ամենաառաջին շարքում, ես փորձում էի տղաներին համոզել, որ «մի արեք էսպիսի բան», դրա համար ես հենց ամենասկզբում, ամենաառաջին վահանի մոտ կանգնած մարդն էի: Էդ ընթացքում իրանց հետևից, ինչու եմ ուզում ասեմ, որ իրանց կողմից՝ որովհետև էլ ուրիշ մարդ չկար, հասկանո՞ւմ եք, իրանց հետևից, հենց երկրորդ շարքից մի հսկայական քար նետվեց ու կպավ ճակատիս»:

Մի կին, որի ոտքերն են վնասվել, պատմեց․ - «Մենք կանգնած խոսում էինք, սենց հավաքված, ինձ թվաց, թե լուսավորություն զգացի ու մեկ էլ ոտքերիս տակ պայթյուն: Ես ասի՝ պայթացնում են, էլի, խփում են, արագությամբ վազել եմ, առաջին սեփական տներից մեկը մի կերպ ընկել եմ, իմ հետևից նորից պայթեց մի երկու հատ: Ամբողջ ժողովուրդը վազում էին, էլի, հետ, էլ ի՞նչ պիտի անեին»:

Մեկ այլ կին ասաց․ - «Մենք նստած էինք ուղղակի ծառի տակ, զրուցում էինք՝ ես, Մնացականը, մեկ էլ իրա մայրը, նստած զրուցում էինք, ձայներ լսեցինք՝ ոստիկանները որ խփում էին շթերին [վահաններին], վեր կացանք: Մնացը որ վազեց՝ վազեցի հետևից, որ իրա հետ գնամ, վերև նայեցի, որ տեսա բան ա գալիս մեր վրա, իրան քաշեցի դեպի ինձ, գրկեցի դեպի ինձ, որ չթողեմ գնա, պահեմ, որովհետև իրա վրա էր ընկնելու, ես տեսա, որ հենց իրա վրա էր ընկնելու: Որ քաշեցի, իմ ու իրա ոտքերի արանքում հենց ընկավ էդ ինչ որ տրաքել էր: Ու հետո վազելով գնացինք փողոց, մեքենա խնդրեցինք, մեզ հասցրեց ստեղ հիվանդանոց: Ես ոչ մի բան չեմ զգացել, Մնացականի ոտքերը այրված են՝ ամբողջությամբ ներքևը, վիրահատվում ա, վիրահատվել ա էսօր: Ինձ՝ չէ, իմ մոտ բեկորային այրվածքներ ա, իրա մոտ ասկոլկաներ կա ոտքի մեջ, մաքրել են, դեռ կեսն են մաքրել, էլի պետք ա մաքրեն: Շատ խորը այրվածքներ ա իրենը»: - «Մնացականի մայրն է՞լ է վնասվել»: - «Այո, այրվածք ունի, ոտքի այրվածք ունի»:

Բուժհաստատությունների ղեկավարների խոսքով՝ վիրավորների մեծ մասը միջին և թեթև ծանրության վնասվածքներ ունեն, հիմնականում գազային թունավորում են ստացել: