Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարել՝ անցած շաբաթավերջին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո։
BBC-ի փոխանցմամբ, խոսելով կառավարության նիստից հետո՝ Էրդողանը ասել է, որ արտակարգ դրությունը անհրաժեշտ է «այս սպառնալիքը հնարավորիս շուտ վերացնելու համար», և հավելել, թե ձեռնարկվող միջոցները կամրապնդեն ժողովրդավարական արժեքները, օրենքի գերիշխանությունը և ազատությունը։
Թուրքիայի նախագահը «նահատակներ» է անվանել հեղաշրջման փորձի դեմ պայքարելիս զոհվածներին և վստահեցրել, որ ազգը «երբեք չի մոռանա իրենց կյանքը կորցրածների խիզախությունը և ինքնազոհաբերումը»։
Օտարերկրյա պետությունները, ասել է Էրդողանը, պետք է հեռու մնան Թուրքիայի գործերից։ «Այս ազգը իրավունք ունի որոշելու մեր սեփական ճակատագիրը», - նշել է Թուրքիայի նախագահը։