Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան այսօր ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Ջիմ Կոստան ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Կոստան շրջել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի սրահներից մեկում, դիտել Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի դերակատարմամբ նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պաստառները, լուսանկարները, անձնական իրերը, նրան նվիրված թողարկումները և բացառիկ այլ նմուշներ:
Այցի ավարտին կոնգրեսականը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Նույն օրը Ջիմ Կոստային ընդունել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, կոնգրեսականի հետ հանդիպել են ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը, խմբի անդամ Արմեն Ռուստամյանը և ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ Ջիմ Կոստան ասել է, որ Հայաստան այցելելը եղել է իր վաղեմի երազանքը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ նա ասել է. - «Ես՝ որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի անդամ, պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկեմ և ջանքեր գործադրեմ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի և այլևս չլինեն ցեղասպանություններ»: Հյուրը հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ ԱՄՆ կոնգրեսականը հույս է հայտնել, որ հակամարտությունը կկարգավորվի դիվանագիտական հարթությունում, և կարևորել է բանակցություններին Ղարաբաղի մասնակցությունը:
Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի արդյունավետ գործունեությունը, շնորհակալություն է հայտնել այն կոնգրեսականներին, ովքեր տարիներ շարունակ ջանք չեն խնայել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության բարձրաձայնման ուղղությամբ, և համոզմունք է հայտնել, որ այդ ջանքերն անպայման հաջողությամբ կավարտվեն:
Սահակյանը նաև կարևորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը: