Արդեն երեք օրից ավելի է՝ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը շարունակում է իրեն «Սասնա Ծռեր» անվանող զինված խմբավորման հսկողության տակ մնալ:
Գիշերը ժամը 3-ից հետո իրավիճակը գնդի և հարակից տարածքում հանգիստ էր, մինչդեռ երեկ մինչև ուշ երեկո ոստիկանության և քաղաքացիների միջև բախումներ էին: Հատկապես սրվել էր իրավիճակը Սարի թաղում, որտեղ տանող գլխավոր փողոցը ոստիկանության կողմից փակված էր․ այստեղ բախում է եղել, Սարի թաղի բնակիչները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, այնուհետև բարիկադներ են կառուցել:
Սարի թողի կոնկրետ այդ հատվածը, որը թերևս ամենամոտն է ՊՊԾ գնդի տարածքին, մոտ 30 րոպե, կարելի է ասել, վերածվել էր մարտադաշտի: Համացանցում տարածված տեսանյութում էլ շատ հստակ երևում է, որ սարիթաղցի մի խումբ երիտասարդներ, նաև՝ տարեցները, սկզբում բանավեճի, ապա՝ քաշքշուկի մեջ են մտնում ոստիկանների հետ, այնուհետև սկսում են քարերով ու տարբեր առարկաներով հարվածել նրանց: Հաղորդվում է, որ չորս ոստիկան այդ բախումներում ստացած մարմնական տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է:
Դժգոհության պատճառները տարբեր էին․ մի մասը նշում էին, որ արդեն երեք օր է՝ ոստիկանությունը արգելափակել է իրենց հիմնական փողոցը, բնակիչները զրկվել են տրանսպորտից, անջատվել է գազամատակարարումը, երեկ նաև՝ ջրամատակարարումը, մյուս մասը վանկարկում էին՝ «Պավլիկ, Պավլիկ»՝ ի աջակցություն «Սասնա Ծռեր» խմբավորման, որում ընդգրկված է նաև Պավել Մանուկյանը, անգամ եղավ հրավառություն: Այդ միջադեպի ընթացքում երբ քաղաքացիները հարվածներ հասցրեցին, ոստիկանությունը մի փոքր ետ քաշվեց, ինչից հետո տվյալ հատվածում սարիթաղցիները նաև քարերով մոտ երեք-չորս շարք պատ շարեցին:
Գիշերվա ընթացքում Սարի թաղի մի հատվածում ականատես եղանք, թե ինչպես ոստիկանները երկու քաղաքացիների էին թևերը ոլորած տանում, բայց ոստիկանությունը նշում է, որ բերման ենթարկվածներ չկան, և թերևս այդ անձանց պարզապես հեռացնում էին արգելապատնեշից: Փոքր-ինչ առաջանալով՝ մեզ մոտեցավ ինքնաձիգով մի ոստիկան, հրահանգեց կանգ առնել, իսկ հետո ուղեկցեց ՊՊԾ գնդի հարակից տարածք՝ մի հատված, ուր, թերևս, մինչ այժմ դրսից որևէ մեկին թույլ չէին տվել գնալ, անգամ մի հատված կար, որտեղ թեքությամբ պետք է իջնեինք, և ոստիկանը հրահանգեց արագ վազել՝ նշելով, որ այդտեղ վտանգավոր է, հնարավոր է՝ մեր ուղղությամբ էլ կրակեն: Երբ իջանք, արդեն այդտեղ նկատեցինք, որ մեծաթիվ ոստիկանական ուժեր կային՝ չորս-հինգ ստորաբաժանումներ՝ տարբեր համազգեստներով, բայց բոլորն էլ՝ հայկական տարբերանշաններով: Այդ ընթացքում ստուգեցին մեր բոլոր տեսանկարահանումները, իսկ հետո բաց թողեցին:
Երկրորդ անգամ նույնպես գիշերվա ընթացքում՝ ժամը 4-ի սահմաններում, փորձեցինք գնալ կրկին Սարի թաղ՝ տեսնելու, թե ինչ իրավիճակ է այնտեղ: Ծեծկռուտքի վայրում մոտ 20-30 երիտասարդներ էին կանգնած, անգամ անվադողեր էին այրել․ նրանք ասացին, որ չեն հեռանալու, և այդ պատնեշը ստեղծել են, որպեսզի ոստիկանները չմոտենան: Ավելի տարեցները դժգոհում էին, թե հիմնական պատճառն այն է, որ քանի որ ոստիկանական հատուկ նշանակության ուժեր են գալիս Սարի թաղ, որտեղ բազմաթիվ փոքր առանձնատներ կան, երեխաների համար խուճապային իրավիճակ է ստեղծվում, երբ ամեն պահի իրենց առջև տեսնում են ինքնաձիգներով ոստիկանների:
Սարի թաղում այդ ժամից հետո իրավիճակը հանդարտվեց:
ՊՊԾ գնդին հարող մյուս՝ Խորենացու փողոցի հատվածում ևս երեկ երեկոյան բախումներ եղան, իհարկե՝ ոչ Սարի թաղի նման: Մինչև կեսգիշեր, երբ Սարի թաղում ծեծկռտուք էր, վիրավոր ոստիկաններին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության մեքենաներն անցնում էին Խորենացու փողոցով, և ցուցարարները կարծեցին, թե այդ պահին ՊՊԾ գնդի տարածքի վրա է հարձակում տեղի ունենում, սկսեցին փակել շտապօգնության մեքենայի ճանապարհը, հարվածում էին մեքենային, այդ ընթացքում ոստիկանները մեկ այլ մեքենայով փորձում էին օգնել, քաղաքացիներից մեկը բռունցքով հարվածեց ոստիկանական մեքենային, կոտրեց ապակին: Տեսանյութում երևում է, որ ոստիկանը մեքենայի միջից զենք էր պարզել քաղաքացիների վրա:
Սա, թերևս, միակ միջադեպն էր Խորենացու փողոցում, իսկ կեսգիշերից հետո արդեն ցուցարարները ոստիկաններից վերցրեցին մետաղյա արգելափակոցները և հիմա ամբողջությամբ փակել են Տիգրան Մեծի պողոտայից և Նար-Դոսի փողոցից դեպի Խորենացու փողոց ճանապարհները:
Գիշերվա ընթացքում այդ ինքնաբուխ հավաքի մասնակիցները թիվը, մեր մոտավոր հաշվարկներով, հազարից ավելին էր, նրանցից շուրջ 150-ը գիշերեցին Խորենացու փողոցում, առավոտից էլ մոտ 40-50 հոգով շարունակում են հերթապահել ու անգամ թույլ չեն տալիս ոչ մի մեքենայի մտնել Խորենացու փողոց: Վաղ առավոտյան երեք-չորս ոստիկանական ավտոբուսներ եկան՝ ամենայն հավանականությամբ, հերթափոխի, և նույնիսկ դրանց թույլ չտվեցին այս ճանապարհով մուտք գործել․ ցուցարարները պարզապես ասացին, որ չեն բացի բարիկադները, ոստիկաններին հորդորեցին այլ ճանապարհ գտնել և փոխարինել իրենց ընկերներին:
Ուշագրավ է, որ այդ գործողությունների ընթացքում այստեղ էին նաև երկու փոխոստիկանապետեր՝ Սամվել Հովհաննիսյանը և Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, բայց, կարծես թե, նրանք որևէ կերպ չմիջամտեցին:
Ի պատասխան լուրերի, թե առաջիկա օրերին այստեղ գալու են ռուսական հատուկ ստորաբաժանումներ՝ գրոհ կատարելու համար,Երևանի ոստիկանության պետ Աշոտ Կարապետյանը վստահեցրեց, որ որևէ միջազգային, այդ թվում՝ ռուսական ուժեր չկան Խորենացու փողոցում, Էրեբունիում, և չեն էլ լինելու:
Ինչ վերաբերում է բանակցություններին՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի և «Սասնա Ծռեր»-ի համակիրները նշում են, որ զինված խմբավորման պահանջը չի փոխվել՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, ժողովրդի վստահության կառավարության ձևավորումը մինչ արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, ինչպես նաև ազատ արձակել ապօրինի զենք պահելու մեղադրանքով մեկ ամիս առաջ կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: