Սերժ Սարգսյանը տարածքների զիջման մասին կարծիք է հարցրել Ղարաբաղում

Ղարաբաղ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փակ հանդիպում է անցկացրել Ղարաբաղյան շարժման ներկայացուցիչների հետ, որի ընթացքում, ըստ մասնակիցների, տարածքների զիջման մասին կարծիք է հարցրել։

Երեք օր առաջ կայացած հանդիպմանը մասնակցել է նաև Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։

Ղարաբաղյան շարժման ներկայացուցիչ Ռազմիկ Պետրոսյանի խոսքով՝ թեև Սերժ Սարգսյանը ասել է, որ հայկական կողմին Ղարաբաղի հարակից տարածքները զիջելու առաջարկ չի արվել, բայց հետաքրքրվել է այս հարցում մարդկանց դիրքորոշմամբ։

«Ամեն մեկիս կարծիքը հարցրեց․ 90 տոկոսը ասացին՝ մենք դեմ ենք զիջումներին», - «Ազատությանը» պատմեց Պետրոսյանը:

88-ի Ղարաբաղյան շարժման անդամը պնդում է, որ դեռևս այն տարիներին են որոշել՝ տարածք կզիջեն միայն անկախության դիմաց։ Հիմա, նրա տպավորությամբ, հայկական կողմին միակողմանի զիջում է առաջարկվել, իրենք դա չեն ընդունի։ Նրա կարծիքով հայկական կողմին ճնշում են, թեև Սերժ Սարգսյանը, ազատամարտիկի խոսքով, հանդիպմանը ասել է, որ նման բան չկա և ինքը Ղարաբաղի անկախության ճանաչման ուղղությամբ է աշխատում։

Հանդիպման մեկ այլ մասնակից, նույնպես Ղարաբաղյան շարժման ակտիվ անդամ Համլետ Գրիգորյանը «Ազատությանը» ասաց, որ հանդիպմանը եզրակացրել են՝ տարածքների զիջման թեման դրսից է եկել և խայծ է։

«Մենք հող հանձնելու նպատակ չունենք, այդպես էլ ասացինք: Չեն առարկել՝ ո՛չ Հայաստանի նախագահը, ո՛չ Ղարաբաղի նախագահը, ո՛չ հին նախագահը՝ Արկադի Ղուկասյանը: Ինձ թվաց, որ թեկուզ իրենք այդպես մանրամասն չեն արտահայտվել, թվաց, թե բոլորս էլ նույն կարծիքի ենք», - հավելեց Գրիգորյանը:

Տարածք զիջելը, Ղարաբաղյան շարժման անդամի խոսքով, ղարաբաղցիների համար հայաթափում է նշանակում, ինչն անընդունելի է։ Հանդիպման ընթացքում, ըստ Գրիգորյանի, տարածքների զիջման թեման քննարկելիս անդրադարձել են նաև ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում կորցրած տարածքներին և եզրակացրել, որ դրանք պետք է հետ բերել։

Առաջիկայում Սերժ Սարգսյանը կրկին հանդիպում կանցկացնի Ղարաբաղում, բայց ժամկետների մասին մեր զրուցակիցները տեղյակ չէին։