Ալիևի վարչակարգը նոր սահմանադրական փոփոխություններ է նախաձեռնել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արխիվ, «Ազատություն» ռադիոկայան:

Ընդդիմության համոզմամբ, Ալիևը փորձում է էլ ավելի ամրապնդել իշխանությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է մայր օրենքի փոփոխությունների նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու կարգադրություն: Հաստատվելու դեպքում այն կներկայացվի հանրաքվեի: Առաջիկայում նախագիծը կհրապարակվի նաև համաժողովրդական քննարկման:

Ալիևի վարչակարգն առաջարկում է նախագահի պաշտոնավարման ժամկետը ներկայիս 5 տարուց հասցնել 7 տարվա: Ըստ նախագծի, Ադրբեջանում պետք է սահմանվեն առաջին փոխնախագահի և փոխնախագահների պաշտոններ: Նրանց նշանակելու և աշխատանքից ազատելու լիազորությունը վերապահվելու է միայն նախագահին: Բացի այդ, նախագահին կտրվի նախագահական արտահերթ ընտրություններ նշանակելու իրավունք:

Ըստ փոփոխությունների, նախագահը ստանալու է երկրի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը ցրելու իրավունք, նախագահական ընտրություններին մասնակցելու տարիքային շեմը չեղարկվելու է, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նվազագույն շեմն էլ 25-ից իջեցվելու է մինչև 18:

Ադրբեջանի ներկայիս սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին և դրանից հետո մի քանի անգամ լրամշակվել է:

«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը հայտարարություն է տարածել, պնդելով, որ առաջարկվող փոփոխությունների միակ նպատակն է էլ ավելի ամրապնդել նախագահ Ալիևի վարչակարգի իշխանությունը, հզորացնել հսկողությունը հանրության նկատմամբ և բացառել երկրի դեմոկրատական կառավարման հնարավորությունը:

«Առաջարկվող նախագիծը հակասում է ժողովրդի շահերին, հանրությունը պարտավոր է բողոքել նախագծի դեմ»,- ասվում է «Մուսավաթի» հայտարարությունում:

Արձագանքելով ընդդիմադիրներին՝ «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության փոխնախագահ, հասարակական միավորումների և կրոնական կազմակերպությունների հարցերով Միլի Մեջլիսի հանձնաժողովի փոխնախագահ Սիավուշ Նովրուզովը ասել է, թե դեմոկրատական պետություններում գործում են նախագահի պաշտոնավարման տարբեր ժամկետներ:

«Օրինակ, Ֆրանսիայում այն 7 տարի է: Այս հարցերը կարգավորվում են սահմանադրական հանրաքվեներով»,- հայտարարել է Նովրուզովը, որի համոզմամբ, նպատակահարմար է ընդունել այս փոփոխությունները: - «Երկիրը հետևողականորեն զարգանում է, բարեփոխումներ են իրականացվում, այդ ամենի արդյունքում ի հայտ է գալիս սահմանադրությունը լրամշակելու անհրաժեշտություն»,- ասել է իշխող կուսակցության փոխնախագահը: