Գյումրու երթի մասնակիցները պահանջում են Երևանում ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորել

Ոստիկանները փակել են Երևանի Խորենացի փողոցը, 17-ը հուլիսի, 2016թ․

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում հավաքվել էին մի խումբ երիտասարդներ: Ավելի վաղ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն էր հայտվել այն մասին, որ Թատերական հրապարակում կայանալու է հավաք-քննարկում Երևանում տիրող իրավիճակի, հետագա գործողությունների վերաբերյալ:

Քննարկման մասնակիցները իշխանություններից պահանջեցին, որպեսզի Երևանում ստեղծված իրավիճակը կարգավորեն բանակցություններով, առանց արյուն թափելու: Նրանք չբացառեցին նաև, որ օրենքի շրջանակներում կարող են դիմել անհնազանդության ակցիաների:

Այս պահին Գյումրու ոստիկանության որևէ բաժանմունքում որևէ քաղաքացու գտնվելու մասին ահազանգեր չկան: Երեկ Գյումրիում ոստիկանության բաժիններ էին բերման ենթարկվել 4-5 քաղաքացիներ: Նրանցից Եղիշե Շարյանը նշեց, որ ինքը առավոտյան 9.00-ից մինչև 21.00-ը գտնվել է ոստիկանությունում:

Վերջինիս խոսքով, իրեն հրավիրել են զրուցելու, հետո պարզվել է, որ բերման են ենթարկել զենք-զինամթերք իր մոտ հայտնաբերելու կասկածանքով: Շարյանը պնդում է, որ իրեն ապօրինաբար ժամեր շարունակ պահել են ոստիկանությունում: Ըստ որոշ տեղեկությունների, ոստիկանները այցելում էին առավել ակտիվ մարդկանց բնակարաններ և փորձում էին հրավիրել ոստիկանության տարբեր բաժիններ: