ԱԱԾ․ Բռնազավթված տարածքից դուրս է բերվել ևս մեկ պատանդ

Հուլիսի 18-ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով, ասված է Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում:

«ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում բռնազավթված տարածքից դուրս է բերվել ևս մեկ պատանդ: Այդուհանդերձ, նման հուսադրող դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքը ու չեն բացառում հնարավոր ողբերգական հետևանքները, որոնց համար պատասխանատվությունը կրելու են բացառապես այս հարձակման նախաձեռնողները», - նշում է ԱԱԾ-ն:

Իրեն «Սասնա Ծռեր» ջոկատ անվանող զինված խումբը, որը ղեկավարում են «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչներ, նախօրեին վաղ առավոտյան գրավել է Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը, բախումների ժամանակ ոստիկանության գնդապետ է սպանվել, երեք այլ ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել, ևս մի քանի ոստիկան պատանդառված է: Զինված խմբի պահանջներն են՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

«Ահաբեկիչները պետք է գիտակցեն, որ չունեն այլընտրանք, քան ժամ առաջ անվերապահորեն կատարել իշխանությունների բոլոր պահանջները: ՀՀ իրավապահ մարմինները դեռ հույս ունեն, որ զինված խմբի անդամները որոշումներ կայացնելիս կառաջնորդվեն միայն ողջախոհությամբ», - ասված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Իրավապահները հայտարարում են, որ առայժմ բանակցում են զինված խմբի հետ, ինչպես երեկ Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը վստահեցրեց՝ «այս ողջ գործընթացը» բանակցություններով ավարտելու հույսով, իսկ եթե հանձնվելու՝ իրենց հորդորներին զինված խմբի անդամները չանսան, ապա իրավապահներն ի վիճակի են վնասազերծելու նրանց: