Այսօր Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիում անհայտ զինյալները հարձակվել են ոստիկանատներից մեկի վրա՝ սպանելով երեք ոստիկանի և մի քաղաքացիական անձի, վիրավորելով մի քանի մարդու:
Քաղաքում տագնապի «կարմիր» աստիճան է հայտարարվել, իրավապահները հակաահաբեկչական գործողություն են իրականացնում, իշխանությունները մարդկանց հորդորում են մնալ շենքերում:
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են ոստիկանատան վրա հարձակումների մասին, Ազգային անվտանգության կոմիտեի տեղական բաժանմունքն էլ հայտնել է, որ հարձակման է ենթարկվել իր շինություններից մեկը: Կան հաղորդումներ նաև երրորդ վայրում կրակոցների մասին, սակայն մանրամասներ չեն հրապարակվում:
Հարձակվողներից առնվազն մեկը ձերբակալված է:
Ղազախստանում արդեն իսկ տագնապի «դեղին» աստիճան էր հայտարարված հունիսի սկզբին հարավարևելյան Ակտոբե քաղաքում մի խումբ երիտասարդների հարձակումից հետո, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, առնվազն 28 մարդ է սպանվել: