Իրավիճակը մնում է նույնը, նախորդ օրվա ընթացքում բանակցությունների միջոցով ազատվել են մեկ պատանդ ոստիկան և մեկ պատանդ քաղաքացիական անձ՝ շտապօգնության մեքենայի վարորդ, ներկայումս համապատասխան օպերատիվ-հետախուզական և կանխարգելիչ միջոցառումները իրավապահ մարմիների կողմից շարունակվում են: Քիչ առաջ Խորենացու փողոցում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը՝ հավելելով, որ ազատ արձակվածը Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) աշխատակից է:
ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի մոտ, նրա փոխանցմամբ, այս պահին կա հինգ պատանդ ոստիկան:
«Մեր պահանջների և իրենց պահանջների առումով ոչինչ առայժմ չի փոխվել, պահանջները մնում են նույնը: Մեր պահանջը միանշանակ ձեզ ծանոթ է, կրկնում եմ՝ և՛ ձեր համար, և՛ իրենց համար՝ ազատ արձակել բոլոր պատանդներին, դադարեցնել իրավիճակի սրումը, ապակայունացումը, հանձնվել իշխանություններին», - հայտարարեց Պողոսյանը՝ շարունակելով․ - «Բանակցությունները շարունակվում են, դեռ երեկ եմ ասել, որ ոստիկանությունը ի վիճակի է ձեռնարկել համապատասխան, բոլոր օրենքով թույլատրելի միջոցառումները, և ոչ միայն ոստիկանություն, այլ իրավապահ ողջ համակարգը»:
Հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ են նախօրեին բերման ենթարկվել տասնյակ քաղաքացիներ, փոխոստիկանապետը արձագանքեց․ - «Ինչպես միշտ, այնպես էլ այս դեպքում բոլոր իրավական հիմնավորումները կան, և բոլորը ստացել են իրենց պատշաճ պատասխանը, ինչի մասին տարածել ենք նաև համապատասխան հաղորդագրություն: Բոլորը բաց են թողնվել, նրանցից ոմանք ենթարկվել են վարչական պատասխանատվության, ոմանք էլ ներկայացվել են քննության, հարցաքննության»:
«Ովքեր կխանգարեն հասարակական կարգը, իհարկե բերման կենթարկվեն, ովքեր օրինահարգ են՝ վախենալու ոչինչ չունեն», - վստահեցրեց Հունան Պողոսյանը:
Ի պատասխան մեկ այլ հարցի՝ նա հայտնեց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բանակցություններին չի մասնակցում․ - «Ոստիկանապետը դեպքից անմիջապես հետո և մինչև այժմ գտնվում է համապատասխան վայրում և ղեկավարում բոլոր գործողությունները»: Բանակցողը, ըստ նրա, «համապատասխան կոնտակտային սպա է, որը բանակցում է ներսում գտնվող համապատասխան անձի հետ»:
Հնարավոր փոխզիջումների մասին հարցին փոխոստիկանապետը պատասխանեց․ - «Փոխզիջումների տարբերակը պետք է լինի երկուստեք՝ երբ որ իրենց կողմից կտեսնենք համապատասխան ադեկվատ քայլ, կլինի համապատասխան ադեկվատ քայլ նաև մեր կողմից»:
Ժիրայր Սեֆիլյանին բանակցություններում ներգրավելու հարցը քննարկվե՞լ է, կամ նրա հետ հանդիպում եղե՞լ է՝ այս հարցերին Հունան Պողոսյանը միևնույն պատասխանը տվեց․ - «Ոչ, առայժմ ոչ»: