Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հերքեց այն տեղեկությունը, թե «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից բերում են Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք, որը վաղ առավոտից գրավել են զինված անձինք։
Պողոսյանը նշեց, որ բանակցություններ են ընթանում զինված անձանց հետ: Ի պատասխան «Ազատության» հարցի, նա հայտնեց, որ Ժիրայր Սեֆիլյանին չեն բերել՝ մասնակցելու այդ բանակցություններին: Հարցին էլ՝ «իսկ նպատակ կա՞», Հայաստանի ոստիկանապետի տեղակալն արձագանքեց. - «Առայժմ ոչ»։
Նրա փոխանցմամբ, այս պահին ՊՊԾ գնդի տարածքում 6 պատանդ կա:
Պողոսյանը հավելեց, որ ոստիկանության և իրավապահ մյուս մարմինների բոլոր հատուկ ստորաբաժանումները բերված են մարտական վիճակի, բայց նրանց հատուկ գործողության ցուցում տրված չէ:
«Կրկին անգամ հորդորում ենք հեռու մնալ ավելորդ արյունահեղությունից: Իրենց պահանջը չի փոխվել: Վիրավորները տեղափոխվել են: Տեղափոխվել է նաև մահացածի դին: Վիրավորների թվում է ոստիկանության օպերատոր», - ասաց փոխոստիկանապետը:
Հարցին, թե ինչպես է հաջողվել գրավել ՊՊԾ գնդի տարածքը, Պողոսյանն արձագանքեց, թե դա հաջողվել է անել խաղաղ պայմաններում բնակչության անդորրը պահող խաղաղ ոստիկանին մտնել-սպանելով և ոստիկանի կողմից համարժեք պատասխան չստանալով: Նա ընդգծեց, որ հարձակվողները ի սկզբանե զինված են եղել, այլ ոչ թե վերցրել են ՊՊԾ գնդի զենքը։
«Լոկալ բնույթ է կրում, ինչ որ կատարվել է, կատարվել և շարունակվում է առայժմ կատարվել Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի ներսի հատվածում», - վստահեցրեց փոխոստիկանապետը: