«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը քիչ առաջ «Ազատության»-ը փոխանցեց, որ Ոստիկանության Էրեբունու բաժնում մնալու են այնքան, մինչև իրենց պահանջները չկատարվեն: Հիմնական պահանջը Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելն է: «Հիմնադիր խորհրդարան»-ը ներկայացրել է նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ:
Վարուժան Ավետիսյանի խոսքով, երկու կողմերից էլ կան վիրավորներ, իսկ գերի ունենալու մասին տեղեկությունները ճիշտ չեն: Ավետիսյանի փոխանցմամբ, բաժնում գտնվող ոստիկանները գերի չեն, պարզապես իրենց մոտ են գտնվում:
Հարակից շենքերի բնակիչներից մեկը «Ազատության»-ը փոխանցեց, որ առավոտյան 5-ից 5.30-ի սահմաններում 6-7 ուժեղ պայթյուն է լսել:
«Հետո ուժեղ կրակոցներ եղան և ոստիկանների մեքենաների ձայներ լսեցի», - պատմեց ականատես կինը:
Այսօր ավելի վաղ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ իրենք ապստամբություն են սկսել և ոստիկանական շենք գրավել: Ավետիսյանը նաև հայտարարել էր, որ ոստիկանությունը դիպակահարներ է տեղակայել հարակից շենքերի տանիքներին և փորձել է գրոհել իրենց դիրքերը, ինչի հետևանքով կան վիրավորներ:
Էրեբունու ոստիկանության բաժին տանող ճանապարհը այս պահին փակել են ոստիկանական մեքենաները, զրահամեքենաները:
Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. - «Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց»:
«Պետական իշխանության մարմինները գործում են բնականոն ռեժիմով, իսկ իրավապահ մարմինները հավուր պատշաճի իրականացնում են օրենքով իրենց վերապահված հասարակական կարգի պահպանության և պետական անվտանգության ապահովման գործառույթները: Զինված անձանց հետ ներկայումս վարվում են բանակցություններ՝ ՀՀ իշխանություններին նրանց խաղաղ հանձվելը կազմակերպելու համար», - ասված է հաղորդագրությունում: