Գերմանիայի արտգործնախարար՝ ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը «խորը մտահոգություն» են հայտնել Թուրքիայում զինվորական հեղաշրջման փորձի առնչությամբ:
«Ես խստորեն դատապարտում եմ ուժի կիրառմամբ ժողովրդավարական կարգի փոփոխման ցանկացած փորձ Թուրքիայում: Ժողովրդավարական ինստիտուտները և սահմանադրական կարգը պետք է հարգվեն»,- ԵԱՀԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ, հայտարարել է Շտայնմայերը՝ շարունակելով՝ «Բոլոր նրանք, ովքեր պատասխանատվություն են կրում, պետք է հետևեն օրենքին և կանխարգելեն հետագա արյունահեղությունը: Ոգևորիչ է, որ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցություններն իրենց հանձնառությունն են արտահայտել ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ»:
Գլխավոր քարտուղար Զանիերն էլ ընդգծել է․- «Ես կոչ եմ անում Թուրքիայի կառավարությանը և դեմոկրատական հաստատություններին զսպվածություն հանդես բերել երեկ գիշերվա իրադարձություններից հետո: Օրենքը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և մամուլի ազատությունը պետք է պահպանվեն նույնիսկ դժվարին ժամանակներում: Մենք պատրաստ ենք աջակցել Թուրքիային ԵԱՀԿ հիմնարար արժեքների և սկզբունքների պահպանման հարցում»: