Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրում են «զուգահեռ պետությանը»

Մարմարիս, Թուրքիա, 15-ը հուլիսի, 2016 թ․

Նախագահ Էրդողանը տեղի ունեցածը «դավաճանություն» է որակում, հայտարարելով՝ հեղաշրջման փորձի հեղինակները շատ թանկ են վճարելու:

«Այս պահին տեղի ունեցող շարժումը դավաճանություն է, ապստամբական շարժում: Հայրենիքի դավաճանության համար շատ թանկ են վճարելու»,- այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը` գնահատելով երեկ երեկոյան Անկարայում և Ստամբուլում մի խումբ զինվորականների նախաձեռնած հեղաշրջման փորձը:

Էրդողանը տեղի ունեցածի համար մեղադրել է, այսպես կոչված, «զուգահեռ պետությանը»` նշելով՝ «այս կառույցը 40 տարվա ընթացքում հիմնավորվել է երկրի զինված ուժերում, անվտանգության համակարգում, պետական տարբեր կառույցներում»: Սպասվում է, որ Թուրքիայի նախագահը հանդես կգա մամլո ասուլիսով:

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի գեներալ Ումիթ Դյունդարը այսօր հայտարարել է, որ հեղաշրջման փորձը կանխվել է նախագահի, վարչապետի, նախարարների, խորհրդարանի, զինված ուժերի միասնական ջանքերով: Նա հավելել է, թե Թուրքիայում անցել է հեղաշրջումների և խունտաների ժամանակաշրջանը:

Այսօր Թուրքիայի և՛ իշխող, և՛ ընդդիմադիր կուսակցությունները հանդես են եկել հեղաշրջման փորձը դատապարտող հայտարարություններով: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը քաղաքացիներին կոչ է արել չհեռանալ հրապարակներից, քանի դեռ չեն ձերբակալվել տեղի ունեցածի պատասխանատուներն ու մասնակիցները: Նա ևս նշել է, որ հեղաշրջման փորձի հետևում կանգնած է «զուգահեռ պետությունը»:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Մուեզինօղլուն հայտարարել է, թե օրակարգ են բերելու խռովարարներին մահապատժի ենթարկելու հարցը: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն էլ հայտարարել է, որ պետք է պաշտպանել ժողովրդավարական արժեքները: «Այս երկիրը շատ է տուժել հեղաշրջումներից: Չենք ուզում նույն խնդիրները վերապրել»,- նշել է նա:

Մինչ երկրում տարբեր աստիճանի զինվորականների են ձերբակալում, Թուրքիայում քննարկում և վերլուծում են երեկ տեղի ունեցած զարգացումները, մեկնաբանում դրանց պատճառներն ու նպատակները: Նախօրեին իբրև բողոքի նշան փողոց դուրս եկած քաղաքացիներից շատերը ևս հեղաշրջման փորձի մեղքը բարդում են «զուգահեռ պետության» և դրա աջակիցների վրա: Սոցիալական մեդիայում, որն, ի դեպ, չի արգելափակվել, նաև ուշագրավ կարծիքներ են հնչում, թե այս ամենը կատարվել է իշխանությունների թողտվությամբ՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել Էրդողանի դիրքերն ու ցուցադրել նրա հզորությունը:

Այսօր հետաքրքիր գլխագրերով են լույս տեսել թուրքական պարբերականները: Թերթերի առաջին էջերին խռովարարների դեմ ժողովրդական միասնական պայքարը պատկերող տեսարաններ են: Թուրքական «Հյուրիյեթ»-ը լույս է տեսել «Հեղաշրջմանը ճանապարհ չկա», «Սաբահ» պարբերականը` «Գյուլենականների հեղաշրջմանը՝ ազգային կամքի ապտակ», «Փոստա» թերթը՝ «Կեցցե ժողովրդավարությունը», «Հաբեր Թյուրք» թերթը՝ «Ժողովրդի ուժից ավելի մեծ ուժ չկա», «Սթար» թերթը՝ «Ազգը տեր կանգնեց ժողովրդավարությանը», «Միլիյեթ» թերթը՝ «Արտակարգ գիշեր», «Ջումհուրիյեթ» պարբերականը՝ «Լուծումը ժողովրդավարությունն է» վերնագրերով: