Այս գիշեր Թուրքիայում ոչ ոք չի քնում. Ստամբուլում ժամանակ առ ժամանակ ուղղաթիռներ են թռչում, փողոցներում լսվում են իշխանամետ և ընդդիմադիր կոչեր:
Պետական TRT հեռուստաընկերությունը, որը գտնվում է բանակի վերահսկողության տակ, հաղորդում է Զինված ուժերի պահանջները: Թուրքական լրատվամիջոցները հակասական տեղեկություններ են հաղորդում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը CNN Turk-ին հեռախոսով տված հարցազրույցում քաղաքացիներին կոչ էր արել դուրս գալ փողոց և պայքարել: Նրա այս հաղորդագրությունից հետո մարդիկ փողոց են դուրս եկել, որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ Անկարայում իշխանությունների աջակիցները բարձրացել են տանկերի վրա:
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, NTV հեռուստատեսության ուղիղ եթերում մեկնաբանելով երկրում իշխանությունը զավթելու փորձը, ասել է. - «Այս գիշերը կարող է մութ լինել, սակայն վաղը մեր պատիվը բարձրանալու է»։
Հեղաշրջման լուրն առնելով` շատերը շտապել են բանկոմատներից դուրս բերել իրենց գումարները` դրանց մոտ հերթեր են գոյացել:
Տարբեր լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, թե երկրում արգելափակվել է հեռահաղորդակցությունը, չի համապատասխանում իրականությանը: Այս պահին աշխատում է թե՛ հեռախոսակապը, թե՛ սոցիալական ցանցերը: