Էրդողանը քաղաքացիներին կոչ է անում փողոց դուրս գալ, դիմադրել հեղաշրջմանը

Ռեջեփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը CNN Turk-ին հեռախոսով տված հարցազրույցում հայտարարել է, թե հեղաշրջման փորձը երկրում իրականացնում է զինվորականության մեջ «փոքրամասնություն կազմող մի խումբ»։

Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, նա պնդել է, որ հեղաշրջումը հրահրել է «զուգահեռ պետությունը»՝ ակնարկելով ԱՄՆ-ում բնակվող իր քաղաքական հակառակորդ Ֆեթուլա Գյուլենի հետևորդներին։

«Մենք չենք ընկրկի նրանց առջև», - ասել է Էրդողանը՝ վստահեցնելով, որ վերջ կդնի խմբավորման «օկուպացիային», կոչ անելով ժողովրդին միավորվել հրապարակներում և օդանավակայաններում։ Նա ասել է, թե ինքն էլ կլինի փողոցներում։

Հավաստիացնելով, թե հեղաշրջման հեղինակները հրամանատարական շղթայի սոսկ մի մասն են, Թուրքիայի նախագահը հայտարարել է. - «Ես եմ գլխավոր հրամանատարը»։

Euronews-ը, այդուհանդերձ, հաղորդում է, որ Էրդողանը Գերմանիայից քաղաքական ապաստան է խնդրել։