Թուրքական բանակը հայտարարել է իշխանությունն իր ձեռքը վերցնելու մասին, մինչդեռ նախագահը, վարչապետը վստահեցրել են, որ հեղաշրջման փորձը ճնշվելու է:
Վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ զինված ուժերի որոշ էլեմենտներ «ապօրինի գործողության փորձ» են կատարել, և անվտանգության ուժերը հրաման են ստացել «անել այն, ինչ անհրաժեշտ է»:
«Մենք թույլ չենք տա նման փորձ: Նրանք, ովքեր ներգրավված են եղել այս ապօրինի գործում, թանկ են վճարելու», - ասել է Յըլդըրըմը` NTV հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում: - «Ժողովրդի կողմից ընտրված կառավարությունը շարունակում է իր ձեռքում պահել իշխանության լծակները: Կառավարությունը կհեռանա միայն այն ժամանակ, երբ ժողովուրդը դա կկամենա», - հավելել է նա:
Ավելի ուշ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է հեռախոսով հարցազրույց տվել CNN Turk-ին, հայտարարելով, թե հեղաշրջման փորձը երկրում իրականացնում է զինվորականության մեջ «փոքրամասնություն կազմող մի խումբ»՝ ԱՄՆ-ում բնակվող իր քաղաքական հակառակորդ Ֆեթուլա Գյուլենի հետևորդների հրահրմամբ։
«Մենք չենք ընկրկի նրանց առջև», - ասել է Էրդողանը՝ վստահեցնելով, որ վերջ կդնի խմբավորման «օկուպացիային», կոչ անելով ժողովրդին միավորվել հրապարակներում և օդանավակայաններում։ Նա ասել է, թե ինքն էլ կլինի փողոցներում։
CNN Turk-ը հաղորդել է, որ Թուրքիայի նախագահի «անվտանգությունն ապահովված է»:
Զինված ուժերը ստանձնել են երկրի իշխանության ղեկը` ժողովրդավարական կարգը պահպանելու և երկրում մարդու իրավունքները ապահովելու համար, էլ-փոստով տարածած հաղորդագրությամբ հայտարարել է թուրքական բանակը:
«Թուրքիայի միջազգային բոլոր պարտավորությունները կպահպանվեն և երկրում առաջնահերթ կմնա օրենքի գերիշխանությունը», - նաև ասված է զինված ուժերի տարածած հաղորդագրությունում:
Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը հաղորդել է, որ մայրաքաղաք Անկարայում գտնվող զինված ուժերի կենտրոնակայանում պատանդներ են վերցվել, նրանց թվում է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի բանակը Հյուսիսատլանտյան դաշինքում մեծությամբ երկրորդ բանակն է ԱՄՆ-ից հետո:
2003 թվականից իշխանությունն իր ձեռքում պահող Էրդողանը, ով 2014 թվականին նախագահ ընտրվելուց հետո ծրագրում է փոխել երկրի Սահմանադրությունը` նախագահի լիազորությունները ընդարձակելու նպատակով, իր իշխանության տարիներին քայլեր է ձեռնարկել երկրի քաղաքական կյանքում բանակի դերակատարությունը զգալիորեն նվազեցնելու ուղղությամբ: Նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում» իսլամիստական կուսակցությունը լարված հարաբերություններ ունի բանակի հետ, մինչդեռ Թուրքիան առաջին համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր ձևավորվել է որպես աշխարհիկ պետություն, որտեղ, սակայն, մի շարք ռազմական հեղաշրջումներ են իրականացվել:
Տեղական հեռուստաալիքները հեռարձակել են կադրեր, որոնցում բանակի զրահամեքենաները արգելափակում են Ստամբուլի եվրոպական և ասիական մասերը կապող Բոսֆորի կամուրջները և «Աթաթուրք» օդանավակայանը:
Մայրաքաղաք Անկարայի երկնքում ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ են թռչում, փողոցում կրակոցներ են հնչել: