Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պատանդ է վերցվել

Ոստիկանները հսկողություն են իրականացնում Անկարայում զինված ուժերի կենտրոնակայանի մոտ

Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պատանդ է վերցվել բանակի կողմից զինված հեղաշրջում իրականացնելու փորձից հետո, հաղորդում է պետական «Անադոլու» գործակալությունը:

«Գեներալ Հուլուսի Աքարը պատանդ է վերցվել բանակում հեղափոխության փորձ կատարած խմբավորման կողմից», - հաղորդել է գործակալությունը` հղում կատարելով «վստահելի աղբյուրներին»:

CNN Türk-ը հաղորդում է, որ զինվորներ տեղափոխող երկու ավտոբուսներ Անկարայում մտել են պետական TRT հեռուստաընկերության կենտրոնակայան, ինչից հետո հեռուստաալիքները սկսել են միայն եղանակի տեսություն հեռարձակել:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ զինված ուժերի որոշ էլեմենտներ «ապօրինի գործողության փորձ» են կատարել, և անվտանգության ուժերը հրաման են ստացել «անել այն, ինչ անհրաժեշտ է»:

Անվտանգության ծառայությունները փակել են Ստամբուլի եվրոպական և ասիական մասերը իրար հետ կապող Բոսֆորի նեղուցի երկու կամուրջների որոշ հատվածներ, իսկ Անկարայում կրակոցներ են հնչել` մինչ ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները պտտվել են Թուրքիայի մայրաքաղաքի երկնքում: