Արամ Մանուկյան․ ԸՕ պայմանավորվածությունները իրականացնելու համար ֆինանսական խնդիր այլևս չկա

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ունեցած տեղեկություններով՝ եվրոպական առանձին երկրներն ու Եվրամիությունը իրենց վրա են վերցրել 2017-ին խախտումների տեսանկյունից առավել վերահսկելի և լավ որակի ընտրություն անցկացնելու համար անհրաժեշտ ծախսերի բեռը:

«Ֆինանսական խնդիր չկա, և իրենք [իշխանությունները] պետք է այս պահին կայացնեն ոչ թե ֆինանսական, այլ քաղաքական վճիռ: Եվ քաղաքական վճիռը կարող է լինել շատ բախտորոշ», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Մանուկյանը: - «Մենք կտուժենք՝ ընտրությունները կլինեն վատը, եթե չի լինում օրենքը, բայց իրենք կտուժեն և կունենան շատ լուրջ պրոբլեմներ միջազգային կառույցների հետ, որոնք հույս են կապել, որոնք որպես առաջընթաց ձևակերպել են, որ ընդդիմության, քաղաքացիական հասարակության և իշխանության համատեղ ստորագրված փաստաթուղթը դա հաջողություն է»:

Եթե Ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության, իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև 4+4+4 ձևաչափով ընթացած բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն, հաջորդ ընտրությունները բոլոր տեղամասերում կտեսանկարահանվեն, կկիրառվեն ընտրողների մատնահետքերը ստուգող սարքեր, ընտրությունը կանցկացվի միայն նույնականացման քարտերով։

Փոփոխությունները կատարելու համար վերջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 1-ը: Արամ Մանուկյանը մտավախություն ունի, որ կառավարությունը փորձում է ձախողել գործընթացը և չկատարել ընդդիմադիրների հետ կնքված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։

«Մտահոգություններ կան, որովհետև, ընդունված օրենքը արդեն պետք է սկսեր աշխատել, մենք պետք է ունենայինք համատեղ հանձնաժողով՝ ընդդիմություն, քաղաքացիական ուժեր և իշխանություն, որոնք պետք է կազմակերպեին ամբողջ գործընթացը: Եվ այդ առումով՝ քայլ անգամ չի արվել այդ հանձնաժողովի ստեղծման», - նշեց ընդդիմադիր գործիչը:

Կառավարության որոշմամբ երեկ ոստիկանությանը հատկացվեց շուրջ 22 մլն դրամ՝ (մոտ 45 հազար դոլար) 10 մատի դրոշմ վերցնելու համար անհրաժեշտ համակարգչային սերվեր և ծրագրային փաթեթ ձեռք բերելու նպատակով: Որոշումն ընդունելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց՝ «սկսում ենք կատարել մեր պարտավորությունները»։

«Դա քայլերից մեկն է, որ մենք նախապատրաստվում ենք ընտրություններն անցկացնել ավելի թափանցիկ, և կառավարությունն իր պարտավորությունները սկսում է կատարել», - նշեց վարչապետը:

Անձնագրային վարչությունից, սակայն, այսօր «Ազատությանը» տեղեկացրին, որ կառավարության պահուստային ֆոնդից արված այս ներդրումը կապ չունի Ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված քաղաքական համաձայնության կատարման հետ, և նոր ծրագրային փաթեթը ձեռք է բերվում ոչ թե ընտրական տեղամասերում մատնահետքերը ստուգելու, այլ ժամկետը լրացած անձնագրով քաղաքացիներին նոր անձնագրեր տրամադրելիս 2-ի փոխարեն բոլոր մատնահետքերը վերցնելու համար, ինչը ծրագրված էր դեռ անցյալ տարվանից։

Իշխանության ներկայացուցիչներից ողջ օրվա ընթացքում չհաջողվեց պարզաբանում ստանալ, թե ընթանո՞ւմ է արդյոք ընտրական փոփոխությունները կյանքի կոչելու որևէ գործընթաց։