Վկա ոստիկանները շարունակում են Սաֆարյանի դեմ «նույնատիպ» ցուցմունքներ տալ

Ակտիվիստի փաստաբանի պնդմամբ՝ պաշտպանական կողմի հայթայթած նոր տեսանյութը բացահայտում է իրավապահների տված ցուցմունքների՝ «կեղծ լինելու իրողությունը»։

Ոստիկանության «Հրեշտակների» գումարտակի հրամանատարին հարվածելու մեղադրանքով արդեն մոտ 7 ամիս կալանքի մեջ գտնվող՝ «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը մտադիր է սուտ ցուցմունք տալու հիմքով մի շարք ոստիկանների քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդում ներկայացնել դատախազություն։

Տիգրան Հայրապետյանի պնդմամբ՝ պաշտպանական կողմը հայթայթել է ամանորի գիշերն Ազատության հրապարակում տեղի ունեցած միջադեպի՝ մինչ այժմ չհրապարակված մի տեսանյութ, որը, փաստաբանի խոսքով, բացահայտում է նախաքննության և դատավարության ընթացքում իրավապահների տված ցուցմունքների՝ կեղծ լինելու իրողությունը։ «Էդ տեսանյութը հերքում է այն ամենը, ինչ ասացին ոստիկանները: Մենք տեսագրությունը պետք է կցենք ու ասենք՝ տեսեք, իրականությունը սա է, էսպիսի ցուցմունք են տալիս դատարանում: Թող նախաքննությունը պարզի՝ դա համապատասխանու՞մ է ակնհայտ կեղծ ցուցմունքի հանգամանքին, թե ոչ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Հայրապետյանը:

Ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամին ոստիկանության մայոր Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեղադրանքն առաջադրվել է վերջինիս ենթակա՝ 10 ծառայակից իրավապահների ցուցմունքների հիման վրա։ Գևորգ Սաֆարյանին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում, մինդեռ, նրա պաշտպանի խոսքով, դատարանը պարտավոր է նրան արդարացնող վճիռ կայացնել, քանի որ քննության ընթացքում բազմաթիվ իրարամերժ փաստեր են ի հայտ եկել։ «Եվ սա դատարանը տեսնում է: Ինձ թվում է՝ դատարանը գոնե պետք է հետեևություններ անի, որ այսպիսի ակնհայտ հակասություններով հնարավոր չէ անձին մեղադրանք առաջադրել: Սա անգամ պատվերով դատավարություն չէ, մենք դուրս ենք եկել ողջամտությունից, մենք վաղուց արդեն թողել ենք իրավաբանությունը»,- ասաց փաստաբանը:

Մինչ պաշտպանական կողմը լավատեսորեն է տրամադրված, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանում այսօր վկայություն տվող ևս երկու ոստիկաններ հայտարարեցին, թե Սաֆարյանը բռունցքի շեշտակի հարված է հասցրել իրենց հրամանատարին։ Գևորգ Սաֆարյանը ոստիկանների վկայությունները «Չեմ հիշում» օպերացիայի շարունակություն որակեց։ Մոտ երկու ժամ տևած նիստի ընթացքում հարվածի դրվագից բացի այլ մանրամասներին առնչվող հարցերին ևս ոստիկաններն այդ նույն պատասխանն էին տալիս։

Սաֆարյանը դատարանում հայտարարեց՝ քննիչը պարզապես նրանց համար թելադրել է ցուցմունքները: Ապա, շարունակելով ելույթը, որպես հակասություն, նա դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ցուցմունքներ տվող ոստիկանների մեծ մասը պնդում են, թե ծեծկռտուքին մասնակից քաղաքացիները եղել են գինովցած, մինչդեռ, փորձաքննությամբ պարզվել է, որ ակտիվիստներից որևէ մեկն ալկոհոլ օգտագործած չի եղել։

Ընդդիմադիր ակտիվիստի դատավարութունը կշարունակվի հաջորդ շաբաթ, կրկին վկայություններ կտան ոստիկանները։