Անկարան հնարավոր է համարում համագործակցության նոր՝ Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափը

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը Սոչիում, 1-ը հուլիսի, 2016թ․

Խոշոր նախագծերի իրագործման համար Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր են համագործակցել նաև եռակողմ ձևաչափով, Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Տարածաշրջանում խոշոր նախագծերի իրագործումը, մասնավորապես՝ «Նոր Մետաքսի ճանապարհ», թույլ կտա Ադրբեջանին դառնալ տարանցիկ կենտրոն, տարածաշրջանային հանգույց: Այդ նախագծերի իրագործման համար Ադրբեջանն ու Թուրքիան մտադիր են համագործակցել ոչ միայն երկկողմ, այլ նաև եռակողմ ձևաչափով՝ այլ երկրների հետ»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

«Մասնավորապես, մենք ցանկանում ենք ձևավորել եռակողմ՝ Ադրբեջան-Թուրքիա-Ղազախստան ձևաչափ: Հնարավոր ենք համարում նաև Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ ձևաչափի ձևավորումը», - ասել է Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ այդ հնարավորությունները այժմ քննարկվում են: