Շփման գծում ադրբեջանցի սպա է սպանվել

Ադրբեջանցի զինծառայողներ, արխիվ

Երեկ երեկոյան «ռազմաճակատի» Աղդամի ուղղությունում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ավագ լեյտենանտ Թուղրուլ Մամեդովը: APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը իր հաղորդագրությունում պնդում է, որ սպան զոհվել է «թշնամական կողմից դիպուկահար կրակոցի հետևանքով»:

Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ շփման գծի նույն ուղղությունում նախօրեին ժամը 22:45-ի սահմաններում դիտարկվել է հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ, «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ և կանխել ադրբեջանական զինծառայողների հավանական գործողությունները»: